«Ամեն ինչ չափ ու սահման ունի»․ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, իշխանազավթման կոչի համար տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։ Այսօր իր տանը կազմակերպած ասուլիսի ժամանակ Կարապետյանը պնդել է, թե Փաշինյանը ԱԺ ելույթներից և լրագրողների հետ ճեպազրույցներից առաջ անպայման օգտագործում է Չինաստանից բերված «հալյուցինացիա առաջանցող սնկեր»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ ավելի կարևոր գործեր ունի, քան Կարապետյանի հայտարարություններին ծանոթանալն ու դրանք մեկնաբանելը։ Արձագանքը, սակայն, շատ չի ուշացել։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին, և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին»,- կարճ ժամանակ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել կոշտ բառապաշարի համար, բայց նաև հավելել. «Ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Քաղաքական ուժը, սակայն, հայտարարում է, թե իր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Մինչդեռ ինքը՝ Կարապետյանը, չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու։ Կա սահմանադրական արգելք․ Սամվել Կարապետյանը ոչ միայն ՀՀ-ի, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Ի՞նչ է հայտարարվել «չինական սնկերի» մասին, Կարապետյանի ասուլիսի ուշագրավ դրվագները, նաև նրա և Փաշինյանի հեռակա բանավեճը
- «Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Իբր Չինաստանից բերված սնկերի պատմությունը
Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը գործարար Սամվել Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա գնահատում քաղաքական դաշտում առկա խոսույթը, մասնավորապես՝ Փաշինյանի հայտարարությունը իր՝ միլիարդատերից բոմժ դառնալու մասին։
Ապրիլին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, թե «վախենում է», որ Կարապետյանը մինչև տարեվերջ միլիարդատերից կդառնա «բոմժ»։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բնորոշել է որպես «թափանցիկ ակնարկ»։
«Սամվել Կարապետյանը ստիպված է գործել Ռուսաստանի ցուցումով, հակառակ դեպքում այն ունեցվածքը, որն ունի ՌԴ-ում, նրանից կխլեն՝ այնպես, ինչպես բազմաթիվ դեպքերում խլել են տարբեր գործարարների ունեցվածքը, երբ նրանք դեմ են գնացել Կրեմլի կամքին և չեն արել այն, ինչ Մոսկվայից նրանց հրահանգել են»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Ի պատասխան Կարապետյանը պնդել է, թե վարչապետն «ամբիոններից դուրս է տալիս իր կյանքի երազները» շնորհիվ չինական սնկերի։
«Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ հատուկ սնկերի, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում։ Փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես 1 տոննա հետը առել, բերել ա ՀՀ։ Դրա համար ինքը, երբ բարձրանում է կառավարությոնում լրագրողների հետ հանդիպման, ԱԺ ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից»,- հայտարարել է նա։
Միլիարդատեր գործարարը հորդորել է շատ լուրջ չընդունել Փաշինյանի հայտարարությունները։
«Ամեն ինչ գնում է իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին [խորհրդարանական ընտրություններին] կգնահատի»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։
Էլ ի՞նչ է հայտարարել Կարապետյանը
Մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքական հայտ ներկայացրած գործարարն անդրադարձել է մի շարք օրակարգային թեմաների։
Խաղաղության գործընթացի մասին
«Այսպիսի խաղաղությունը հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու։ Մենք փոքր պետություն ենք, թեկուզ՝ հպարտ։ Մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ։ Աշխարհում շատ չեն այդ երաշխավորները։ Աշխարհում կա ռեալ երեք գերտերություն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Կան տարածաշրջանային շահեր ունեցող պետություններ։ Մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից միաժամանակ՝ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ՝ մեկից ավելի»:
TRIPP-ի մասին
«Չենք կանգնեցնելու պետական մակարդակով ստորագրված ոչ մի փաստաթուղթ։ Դա չի նշանակում՝ մենք անելու ենք ցանկացած բան, ինչ գրված է այնտեղ։ Փորձելու ենք լավարկել այդ փաստաթուղթը: Ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը բացի Հայաստանը»:
Ռուսաստանից գործուղված լինելու մասին
«Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ շուտով հորդ քառասունքն է, կգնաս, անպայման կմասնակցես պատարագի, դուրս գալուցб մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կտանի, կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս ու կհաղթես»։
Հայաստանը ՌԴ գուբերնիա դարձնելու մեղադրանքների մասին
«Մենք Հայաստանը դարձնելու ենք տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած խոսույթներն իրենց մասին են։ Հենց որ Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիան ենք դառնալու, որովհետև այսօր Փաշինյանը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»։
«Ուժեղ Հայաստանի» անվան հետ կապվող ընտրակաշառքի գործերի մասին
«Մեր երկրում կաշառք տվողն էլ է գործող իշխանությունը, կաշառք վերցնողն էլ է: Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք: Մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում»:
Իր հնարավոր ունեզրկման մասին
«Չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, որ կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկի»։
Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու մասին
«Գործընթաց սկսված է, զարգանում է։ Դա մեր իրավաբանների տիրույթում է։ Ես ամեն առավոտ չեմ զարթնում և հարցնում՝ ինչ է կատարվում այնտեղ։ Վստահեցնում եմ՝ հենց դրա անհրաժեշտության օրը գա, ես կլինեմ միայն ՀՀ քաղաքացի»։
Փաշինյան․ «Կարապետյանը ֆեյք, հիբրիդային թեկնածու է»
Սամվել Կարապետյանը, որը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, այսօր հայտարարել է՝ գնում են բացարձակ հաղթանակի և վստահ են դրանում։
«Ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա, ինչը երևի դուք ինձնից լավ եք տեսնում»,- ասել է նա լրագրողներին։
Պնդել է նաև, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 25% վարկանիշ, ուստի չի կարող իշխանության գալ։
Լրագրողները հետաքրքրվել են՝ եթե ընտրություններից հետո չգան իշխանություն, ո՞րն է լինելու «Ուժեղ Հայաստանի» հաջորդ քայլը։
«Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ։ Եկե՛ք անիմաստ բաներ չքննարկենք այսօր»,- վստահեցրել է Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է՝ Սամվել Կարապետյանը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ էլ պատգամավորի։ Նրա բնորոշմամբ՝ Կարապետյանը «հիբրիդային, ֆեյք» թեկնածու է։
«Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկե՞լ։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանում, այնպես էլ հիբրիդային, ֆեյք թեկնածու են բերել։ Չի կարող լինել»,- շեշտել է նա։
Վարչապետի խոսքով՝ զվարճալի է լսել, որ որևէ մեկը, ով ընդհանրապես թեկնածու չի և չի կարող լինել, հայտարարում է, թե ինքն ընտրություններում հաղթելու է․
«Դեռ պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին։ Որ ասում են՝ հաղթելու ենք, ծիծաղելի է ուղղակի։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ ՀՀ-ում քաղաքական գործընթացի հետ, ժողովրդի հետ որևէ կապ չունեն։ Նրանց ինֆորմացիայի, ներշնչանքի աղբյուրները Հայաստանում չեն»։
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ հիշեցրել է՝ հրապարակված բոլոր հետազոտությունների համաձայն՝ իշխող ուժի վարկանիշն առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժի վարկանիշից։
Հերթական անգամ «պատերազմի եռագլուխ կուսակցություն» է անվանել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժերը՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Կարծում է, որ նրանք չեն հաղթահարի ԱԺ անցնելու համար անհրաժեշտ անցողիկ շեմը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին