ԵՄ-ն կկասեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի մի խումբ քաղաքացիների համար
Վրաստան-ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասնակի դադարեցում
Եվրահանձնաժողովը նոր մեխանիզմի շրջանակներում սկսել է Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրոող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու գործընթացը։
Այս մասին հունվարի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։ Նա նշել է, որ նոր մեխանիզմը կապահովի ԵՄ անդամ բոլոր պետություններում երրորդ երկրների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման միատեսակ և հետևողական կիրառում։
Լամերտի խոսքով՝ վիզաների ազատականացման նպատակը երկրների միջև կապերի ամրապնդումն ու ընդհանուր արժեքների, այդ թվում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության աջակցությունն է։ Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ վրացական իշխանությունների գործողությունները խախտում են այդ սկզբունքները՝ բացասաբար ազդելով տնտեսական, հումանիտար, մշակութային և գիտական կապերի վրա։
«Այս փուլում հանձնաժողովն իր գնահատականն ուղարկել է Եվրոպական խորհրդարան և Եվրոպայի խորհուրդ։ Ընդունվելուց հետո դիվանագիտական անձնագիր կրողների համար վիզաների կասեցման որոշումը միատեսակ կկիրառվի բոլոր երկրներում»,- նշել է Լամերտը։
Քննարկվող որոշումը դեռևս չի տարածվում սովորական կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիների, այդ թվում՝ սովորական անձնագրերով ճանապարհորդող դիվանագետների վրա։
Լամերտի խոսքով՝ կասեցման մեխանիզմը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլը վերաբերում է միայն դիվանագիտական անձնագրերին, ապա, անհրաժեշտության դեպքում, միջոցները կարող են տարածվել լայն հանրության վրա։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է, որ նոր իրավական շրջանակը [առանց վիզայի ռեժիմի կասեցման] ավելի ճկուն և արագ է, և ապահովում է միջոցների միատեսակ կիրառում ԵՄ անդամ բոլոր պետություններում։
«Կարևոր է, որ մենք խոսենք անձնագրերի, այլ ոչ թե կոնկրետ անձանց մասին»,- ասել է Լամերտը։
2025 թ․-ի հունվարի 27-ին ԵՄ-ն կասեցրեց առանց վիզայի ռեժիմը վրացական դիվանագիտական անձնագրերի կրողների համար, չնայած որ ԵՄ ոչ բոլոր անդամ պետություններն էին վավերացրել այդ որոշումը: Լամերտի խոսքով՝ նոր մեխանիզմը լուծում է այս խնդիրը և ապահովում է միատեսակ կիրառում։
«Անցյալ տարի ընդունված միջոցները հիմնված էին այլ իրավական հենքի վրա: Նոր իրավական հենքի առավելությունը դրա ավելի մեծ ճկունությունն ու զգալիորեն ավելի մեծ արագությունն է: Ահա թե ինչու մենք կարող ենք այն օգտագործել այս դեպքում: Այստեղ ուշադրությունը կենտրոնացած է անձնագրերի, այլ ոչ թե դրանց տերերի վրա։
Մեկ այլ նորամուծություն է այն, որ միջոցները կկիրառվեն միատեսակ ԵՄ անդամ բոլոր պետություններում: Նախկինում սա ավելի շատ առաջարկություն էր, այժմ կարելի է ապահովել միատեսակ կիրառում», — հայտարարել է խոսնակը։
2025 թվականի նոյեմբերի 17-ին Եվրամիության խորհուրդը հաստատեց վերանայված մեխանիզմ, որը ԵՄ երկրներին թույլ է տալիս ավելի արագ և արդյունավետ կերպով կասեցնել վիզայի ազատականացումը երրորդ երկրների համար, եթե վիզային ռեժիմը չարաշահվում է կամ առկա են հակասություններ ԵՄ շահերի հետ։
ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի հիմքերը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն թուլացել են։ Զեկույցում նշվում է, որ կառավարության որոշումները փաստացի կասեցրել են եվրաինտեգրման գործընթացը՝ միայն թղթի վրա Վրաստանը թողնելով որպես թեկնածու երկիր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստան-ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասնակի դադարեցում