Ղարաբաղում ռազմական գործողություններ են սկսվել
-
«Մարդասպաններ, ամոթ» տեսանյութ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույցերից և Փաշինյանի հրաժարականի պահանջ
Երևանում միանգամից երկու բողոքի ակցիա է տեղի ունենում։ Մեկը կառավարության շենքի մոտ է, որտեղ հավաքվածները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մյուսը ՌԴ դեսպանատան դիմաց է։ Այստեղ ցուցարարները վանկարկում են «Ամոթ» և «Մարդասպաններ»։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ժողովրդի բողոքը «Հայաստանում անհիմն լուրերի միտումնավոր տարածման հետևանք է»։ Մոսկվան պնդում է, որ ինքը նախապես տեղյակ չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու Բաքվի ծրագրերի մասին, իսկ խաղաղապահները ադրբեջանական կողմին որևէ տեղեկություն չեն փոխանցել ԼՂ-ում ռազմական ամրությունների տեղակայման մասին։ Ըստ ռուս դիվանագետների՝ հենց այդ «բացահայտ սուտ և շահարկում» հանդիսացող պնդումներն են բողոք հարուցել։
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել նաև ՀՀ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, որ «Հայաստանում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ապահովված չէ, ցուցարարները խոչընդոտում են դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքին»։
-
Աղդամի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել. Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Ղարաբաղում տեղակայված հայկական զինված ուժերի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։
31-ամյա էքսկավատորավար Մեհման Հասանովն աշխատում էր Աղդամի շրջանում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ընկերություններից մեկում։
Տղամարդը մահացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներից։
Հարուցվել է քրեական գործ»,- հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
-
Հայաստանի ԱԳՆ-ն չի բացառում ռազմական գործողությունների տեղափոխումը Հայաստանի տարածք
«Միջազգային հանրության պատշաճ արձագանքի բացակայության դեպքում Ադրբեջանը չի սահմանափակվի Լեռնային Ղարաբաղում ագրեսիա սանձազերծելով և կարող է ուժ կիրառել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի ակտիվ կուտակումները հայ-ադրբեջանական միջպետական սահմանին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
-
Բաքուն օպերատիվ կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ
«Բաքուն օպերատիվ կապի մեջ է ռուսական խաղաղապահ զորախմբի հետ և ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները», — հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է արել հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին վայր դնել զենքերը և հանձնվել։
«Այդ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կդադարեցվեն»,- նշել է պաշտպանության նախարարությունը:
-
Ռուս խաղաղապահները տարհանում են հայերին
ՌԴ խաղաղապահ զորախումբը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ռուս զինվորականները ԼՂ-ից տարհանում հայերին:
-
ԱՄՆ-ը Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք։ Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես նախկինում բացատրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
-
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությանը
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ղարաբաղը, ինչպես արդեն բոլորն են ընդունել, ադրբեջանական տարածք է, և դրա համար որևէ այլ կարգավիճակ չի ընդունվի։
Մեր առաջին նպատակը պետք է լինի Ադրբեջանի տարածքում բոլորի, այդ թվում՝ հայերի խաղաղ գոյակցությունը։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղված քայլերին, մենք առաջնորդվում ենք «Մեկ ազգ, երկու պետություն» միասնական ընկալմամբ», — ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
-
Բողոքի ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ
Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույց է տեղի ունենում։ Հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Դեսպանատան մուտքերն ու ելքերը արգելափակված են։ Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են կատարել ԼՂ հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ իր պարտավորությունները:
-
Վիրավորվել է 128 մեծահասակ, 12 երեխա
Լեռնային Ղարաբաղից հայտնում են, որ վիրավորվել է 128 մեծահասակ և 12 երեխա, որոնցից երեքի վիճակը ծանր է։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրանց այժմ վիրահատում են:
Լուսանկարը՝ Սիրանուշ Սարգսյանի, ԼՂ
-
Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին
Հայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դիմել է իր երկրպագուներին և գործընկերներին՝ կոչ անելով աջակցել ԼՂ հայերին.
«Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները 9 ամիս կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական հասանելիությունը մերժելուց հետո:
Ինչպես ասացին փորձագետները, սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի ներկայացուցիչներին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել ձայն բարձրացնել հանուն խաղաղության վերականգնման»,- Instagram-ի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
-
Զոհվել է 25 մարդ, որոնցից երկուսը խաղաղ բնակիչներ են
«Ստեփանակերտի դիահերձարանից ՄԻՊ գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից երկուսը խաղաղ բնակիչներ են»,- գրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Х.-ի իր միկրոբլոգում:
According to the information received from the Stepanakert’s morgue by the Office of the Human Rights Defeder, as of 20:00, there are 25 victims as a result of the full-fledged terroristic attack by Azerbaijan, among whom 2 are civilians.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023
-
Ադրբեջանի ՊՆ. 60-ից ավելի մարտական դիրքեր անցել են մեր վերահսկողության տակ
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղային հակաահաբեկչական գործողությունները հաջողությամբ շարունակվում են։ Ավելի քան 60 մարտական կետ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։
Ոչնչացվել է մինչև 20 ռազմական մեքենա, 40-ից ավելի հրետանային կայանք, ավելի քան 30 ականանետ, 2 զենիթահրթիռային համակարգ, էլեկտրոնային պատերազմի 6-ից ավելի կայան»,- հերթական ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը։
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը
«Ֆրանսիայի իսլամաֆոբ և հակաադրբեջանական քաղաքականությունը և նրա անընդունելի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին ցույց են տալիս, որ որքան Փարիզն ավելի հեռու լինի, այնքան լավ կլինի Հարավային Կովկասի համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը դատապարտել է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը:
-
Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության բռնի հարձակումները Լեռնային Ղարաբաղում՝ մեծացնելով տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ լինել պատասխանատու տարածաշրջանի հայերի բարօրության համար»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը «X»-ի (նախկին՝ Թվիթեր) միկրոբլոգում:
We strongly condemn the Azerbaijani govt’s violent attacks in Nagorno-Karabakh, heightening the risk of ethnic cleansing against the region’s Armenian population.
Any attempt to forcibly change the region’s demographics is illegal & unacceptable. (1/2)https://t.co/LYgSoGNGOe
— Freedom House (@freedomhouse) September 19, 2023
-
Կայացել է Ադրբեջանի ՊՆ հերթական ճեպազրույցը
«Ղարաբաղի շրջանում իրականացվող տեղային հակաահաբեկչական գործողություններին մասնակցող Ադրբեջանի զինուժերի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է»,- ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը՝ Ղարաբաղում հակաահաբեկչական գործունեության հետ կապված ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ զինվորականներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով:
-
Բողոքի ցույց Երևանում՝ կառավարության շենքի մոտ
Երևանում բողոքի ցույց է ընթանում կառավարության շենքի մոտ։ Հավաքվածները պահանջում են իշխանափոխություն և պարբերաբար վանկարկում «Նիկոլ, դավաճան»։
-
Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ-ն. Փետեր Ստանոյի պատասխանը
«Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և խնդիրների լուծումը գտնել երկխոսության միջոցով»,- «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի գործությունները զսպելու համար՝ ասել է․«Մենք շատ ուշադիր գնահատում ենք իրադրությունն ու տեղում հետևում զարգացումներին։ Եվրամիությունը մշտապես շատ հետևողական է եղել, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետ կապված մեր դիրքորոշմանը։ Մենք չենք խրախուսում միակողմանի քայլերը, կոչ ենք անում դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և փնտրել լուծումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական երկխոսությամբ և կարգավորման գործընթացով, որը սկսվել և իրականացվում է ԵՄ կողմից»։
-
Չորս կողմից ադրբեջանական զորքերով շրջապատված Եղցահող գյուղի հրետակոծությունը
Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Շուշայի շրջանի Եղցահող գյուղը, որտեղ բնակվում է 150 մարդ, ադրբեջանական զինուժի կրակոցների տակ է ընկել, դպրոցն ամբողջությամբ ավերվել է։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, գյուղը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորքերով։
-
Ղարաբաղում երեք երեխա ծանր վիճակում է
Ղարաբաղում վիրավորված ինը երեխաներից երեքի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են «Արևիկ» մանկական հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
-
Ադրբեջանը Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։
«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական ապօրինի զինված խմբավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է լուծարվի», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Հավելել են՝ հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ։
-
Ղարաբաղում ոչնչացվել է հայկական բանակի ևս մեկ դիրք․ տեսանյութ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ղարաբաղում հայկական զինված ուժերի թնդանոթային սարքի խոցման մասին։
-
Փաշինյանը կապ է հաստատել Մակրոնի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են «ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը»։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում։
-
Փաշինյանը զրուցել է պետքարտուղար Բլինքենի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Վարչապետի մամուլի քարտուղարը հաղորդել է․«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը»։
-
ԱԹՍ-ից արձակված կրակ Ղարաբաղի դիրքերի վրա․տեսանյութ
Ղարաբաղում զինված խմբավորումների մարտական դիրքերը ոչնչացնելու համար ադրբեջանական բանակն օգտագործում է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։
-
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը
«Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, որի ժամանակ կիրառվում են ծանր զրահատեխնիկա, այդ թվում և բնակեցված տարածքների նկատմամբ։ Որևէ պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են առնում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր արդեն իսկ տուժել են ամիսներ տևած անօրինական շրջափակման հետևանքով և հակասում է բանակցային կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումն ու հարգել միջազգային իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի հանդեպ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի վրա։
Ֆրանսիան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը, որը հավասարազոր ռիսկեր է պարունակում տարածաշրջանի անվտանգության համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
-
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Ադրբեջանի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը, «ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից»։
Գերատեսչությունն ընդգծում է, որ հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։
«Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու։
Կոչ ենք անում միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։
-
Ադրբեջանցի զինվորականների ուղերձը հայազգի քաղաքացիներին և զինյալներին
Ուղերձ հայազգի խաղաղ բնակչությանը.
«Դուք և ձեր ընտանիքները դարձել եք անջատողականների կեղտոտ քաղաքական խաղերի գործիք։
Այն մարդիկ, որոնց դուք ղեկավար եք համարում, արդեն Ղարաբաղից հանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը։
Ադրբեջանցի զինվորը խաղաղ բնակչությանը չի թիրախավորում։
Զինված դիմադրություն մի՛ դիմեք։ Հակառակ դեպքում դա կգնահատվի որպես ահաբեկչություն։
Մի լքեք ձեր տները»։
Ուղերձ զինված անձանց (զինյալներին)
«Վայր դրե՛ք ձեր զենքերը և հանձնվե՛ք։ Անիմաստ դիմադրություն ցույց մի՛ տվեք:
Մտածեք ձեր և ձեր ընտանիքներ մասին:
Ձեզ և ձեր ընտանիքների հետ կվարվեն միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:
Ձեզ կտրամադրվի ջուր և սնունդ։ Դուք կստանաք բժշկական օգնություն:
Հանձնվեք։ Դա ողջ մնալու վերջին հնարավորությունն է»։
-
«Դադարեցնել կրակը»․ ԼՂ-ի կոչն Ադրբեջանին
«Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շտաբի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։
-
ԵՄ դիրքորոշումը, Բորելի հայտարարությունը
«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ Մենք կոչ ենք անում անհապաղ կասեցնել առճակատումը և հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ Հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանը արտագաղթել։ Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար»,- ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
-
Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ ուղերձ Ղարաբաղի հայերին
Հրապարակվել է ևս մեկ ուղերձ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերին.
«Ավելի քան երեք տասնամյակ ադրբեջանցի և հայ ժողովուրդները այլ մարդկանց աշխարհաքաղաքական խաղերի և մանիպուլյացիաների պատանդ են եղել։ Ոչ ոք չի պատրաստվում արգելել ձեր լեզուն։ Այդ առասպելները միտումնավոր տարածում են նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց անօրինական իշխանությունը և, հետևաբար, փորձում են ձեզ մանիպուլացնել՝ հեքիաթներ պատմելով: Մենք ձեզ կոչ ենք անում բարեկամության, ոչ թե թշնամության: Համագործակցության, ոչ թե փոխադարձ ատելության»։
-
Ղարաբաղի բնակելի թաղամասերի հրետակոծության տեսանյութը
Տեղացի լրագրող Սիրանուշ Սարգսյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է բնակելի թաղամասերի հրետակոծության հետևանքների կադրեր։
Azerbaijan is shelling civilian residential areas of #Stepanakert This is a building next to us with no military target in vicinity. pic.twitter.com/EZtJsAEBNg
— Siranush Sargsyan (@SiranushSargsy1) September 19, 2023
-
Ստեղծվել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական կենտրոն
Ստեղծվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնը։
Այստեղ պարբերաբար կանցկացվեն գերատեսչության ճեպազրույցները։
Առաջին նման ճեպազրույցն ավարտվեց րոպեներ առաջ։ ՊՆ ներկայացուցիչն ընթերցեց Ադրբեջանի ՊՆ՝ արդեն իսկ հաղորդված հայտարարությունները։
Սոցցանցերում հրապարակված տվյալների համաձայն՝ ՊՆ անանուն աղբյուրը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև վաղը երեկո վերացնել հայկական զինուժի մարտական դիրքերի մեծ մասը Ղարաբաղում։
-
ԼՂ-ի բնակելի թաղամասերի հրետակոծության տեսանյութը
Տեղացի լրագրող Սիրանուշ Սարգսյանը Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ ուղեկցելով հետևյալ գրառմամբ՝ «Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը, թեև պնդում է, որ թիրախ են հանդիսանում միայն ռազմական օբյեկտները»։
-
Արցախի նախագահի ուղերձը միջազգային դերակատարներին
ԼՂ-ի նախագահ Սամվել Շահրամանյանը նույնպես Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Նիստից հետո նախագահի աշխատակազմից ստացվել է հետևյալ հաղորդագրությունը․
«Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Արցախը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն»։
-
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Խոջավենդի (Մարտունի) ուղղությամբ Հայաստանի զինված ուժերին պատկանող P-18 ռադիոլոկացիոն կայանի (ՌՏԿ) ոչնչացման մասին։
-
Շուշա (Շուշի) քաղաքում խաղաղ բնակիչ է զոհվել
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շուշայում հայկական զինուժի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։
-
Հայաստանի վարչապետի հայտարարությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու օպերացիան»։ ԱԽ նիստից անմիջապես հետո նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր։
Նա ընդգծել է, որ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի ցանկության մասին է վկայում ԼՂ-ի բնակիչներին «հումանիտար միջանցքներ» տրամադրելու Բաքվի պատրաստակամությունը․
«Եթե Ադրբեջանը հայտարարում է, թե տեղի է ունենում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն», և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրենք հայտարարում մարդկանց՝ ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին»։
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, և կան ուժերի, որոնք այս կամ այն կերպ աջակցում են այդ մտադրությանը։
«Մի շարք ներքին և արտաքին ուժեր ուզում են հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների, էմոցիոնալ և այլ խնդիրներ կան»,- ասել է Հայաստանի վարչապետը։
-
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ հաղորդագրությունները Twitter-ում
«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության միկրոբլոգում կան նաև հաղորդագրություններ զոհերի և վիրավորների, այդ թվում՝ երեխաների մասին.
«Մինչ այժմ ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»։
-
Ադրբեջանի իշխանությունների կոչը Ղարաբաղի հայ բնակչությանը
«Ադրբեջանի զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում Ղարաբաղի տարածքում անօրինական զինված խմբավորումներին զինաթափելու համար։ Նպատակը, այսպես կոչված, ռեժիմի կողմից այս շրջանի թալանին վերջ տալն է և այնտեղ ապրող մարդկանց ազատություն, խաղաղություն, արդարություն և բարգավաճում բերելը։
Համոզված եղեք, որ ձեր կյանքը շատ կարևոր է ադրբեջանական պետության համար։ Հետևաբար, գործողությունների իրականացման ընթացքում հեռու մնացեք ռազմական օբյեկտներից և բոլոր շենքերից, որտեղ գործունեություն է ծավալում անօրինական ռեժիմը։
Մի ենթարկվեք անօրինական ռազմական խունտայի ոչ մի հրամանի։ Մի կրեք զինվորական համազգեստ կամ զենք։ Դա կարող է ձեզ օրինական թիրախ դարձնել:
Մի լքեք այն տունը, որտեղ ապրում եք, մնացեք այնտեղ՝ ապահովության մեջ։ Ադրբեջանցի զինվորը փրկիչ է։ Նա գալիս է ձեզ փրկելու ռազմական խունտայի ստրկությունից»։
-
Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ նիստի օրակարգում «քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները»։
-
Հարվածներ են հասցվում մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը քաղաքացիական օբյեկտների հրետակոծման մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Խոջալուի շրջանի և Կարմիր շուկայի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի կազմավորումների մարտական դիրքերի, երկարաժամկետ կրակակետերի, մարտական միջոցների և ռազմական նշանակության օբյեկտների «ոչնչացման» մասին։
-
Հայաստանի ՊՆ հայտարարությունը
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է․ «Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է»։
-
Քաղաքացիական շենքերի հրետակոծություն․ տեղեկություն ԼՂ-ից
ԼՂ-ի մանկապարտեզներից մեկի ղեկավարը լրագրողներին ասել է, որ իրենք հրետակոծության տակ են։ Երեխաները նկուղում են։
Նա պատմել է, որ հրետակոծությունը սկսվել է այն ժամանակ, երբ շատ երեխաներ դեռ դպրոցում էին, իսկ ավելի փոքրերը՝ մանկապարտեզներում։ Նրանք հիմա առանց ծնողների են, դաստիարակների հետ։
-
Ադրբեջանի ՊՆ երկրորդ հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել.
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում շարունակվում են Ադրբեջանի զինված ուժերի տեղային հակաահաբեկչական գործողությունը։
Գործողությունների շրջանակներում ճշգրիտ զենքի կիրառմամբ շարքից հանվում են բացառապես լեգիտիմ ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կրակային միջոցները տեղակայված են բնակելի թաղամասերի մոտ, կոչ ենք անում խաղաղ բնակչությանը հեռու մնալ ռազմական օբյեկտներից և չաջակցել ՀՀ զինված ուժերի կազմավորումներին։ Համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին բջջային SMS ծառայության միջոցով։ Միաժամանակ բնակչությունը նախազգուշացվում է բարձրախոսների միջոցով, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։
Կկազմակերպվի վարչական, սոցիալական, կրթական, բժշկական, կրոնական և այլ օբյեկտների պաշտպանությունը, դրանց անվտանգությունը երաշխավորված է Ադրբեջանի օրենքներով և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։
Կանանց, երեխաներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և հիվանդներին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, խմելու ջուր և սնունդ։
Վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։
-
Հայտարարություն Արցախից
«Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելով։ Ստեփանակերտը և այլ քաղաքներ ու գյուղեր կրակի տակ են»,- հայտնում է Ղարաբաղի պաշտպանական գեատեսչությունը։
-
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
«Ղարաբաղի շրջանում հայկական զինված ուժերի կազմավորումների կողմից ադրբեջանական բանակի դիրքերի պարբերական հրետակոծությունները, մեր տարածքներում շարունակվող ականապատումները, մարտական դիրքերի ինժեներական բարելավման աշխատանքները, ինչպես նաև խրամատների և բլինդաժների քանակի ավելացումը վերջին ամիսներին լարվածության էլ ավելի մեծ աճի պատճառ են դարձել։
Նկատվում էր նաև մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայանքներով և այլ կրակային զինատեսակներով, ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր մակարդակի բերելով, ինչպես նաև լրացուցիչ մոբիլիզացիոն ստորաբաժանումների ստեղծում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ հետախուզական գործողությունների ընդլայնում, մեր դիրքերի խորքեր ներթափանցում՝ դիվերսիոն և ահաբեկչական նպատակներով ականներից մաքրված տարածքները և քաղաքացիական նշանակության ճանապարհները նորից ականապատելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշա ավտոճանապարհին Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում հայկական զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբերի կողմից ահաբեկչական նպատակներով նախկինում տեղադրված ականի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և շարքից դուրս է եկել Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությանը պատկանող ավտոմեքենա։ Նույն օրը Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներին տեղափոխող մեքենայի պայթյունի հետևանքով մեր զինծառայողները զոհվել և վիրավորվել են։ Նման փաստերը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող նպատակաուղղված և համակարգված ահաբեկչական քաղաքականության շարունակությունն են։
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի զինված ուժերի շարունակական ներկայությունը Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում լուրջ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։
Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական շրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, Հայաստանի զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրս բերելու նրանց ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական-վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնման համար շրջանում մեկնարկել են տեղային բնույթ ունեցող հակաահաբեկչական գործողություններ։
Գործողությունների շրջանակում գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են Հայաստանի զինուժի կազմավորումների դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական նշանակության օբյեկտները։
Մենք ևս մենք անգամ հայտարարում ենք, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները թիրախ չեն, շարքից հանվում են միայն ռազմական թիրախները:
Ընթացող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։