Հայաստանի վարչապետի և բլոգեր ներկայացած ադրբեջանցու երկխոսությունը Միլանի հայ եկեղեցում
Միլանում նոյեմբերի 20-ին Սուրբ քառասուն մանկունք հայկական եկեղեցում Իտալիայում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Հայաստանի վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի Աթա Աբդուլաևը։ Նա որպես բլոգեր ներկայացավ։
Ավելի ուշ սոցցանցերում, այնուհետև հայկական մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Աբդուլաևը ոչ թե բլոգեր է, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից։
Մանրամասներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայկական եկեղեցում և ինչպես են դրան արձագանքել Հայաստանում և Ադրբեջանում։
• «Արցախը Հայաստան է, և վերջ» Հայաստանի վարչապետ
• Երիտասարդ ադրբեջանցիները խոսում են Ղարաբաղի մասին
Ի՞նչ է տեղի ունեցել հայկական եկեղեցում
Փաշինյանի ելույթից հետո հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հարցեր տալ վարչապետին։ Ադրբեջանցի Աթա Աբդուլաևը նույնպես հարց է տվել Փաշինյանին՝ ռուսերեն։
Սկզբից ադրբեջանցուն ցանկացել են դուրս բերել եկեղեցուց, սակայն վարչապետը հրահանգել է թույլ տալ նրան հանգիստ իր հարցն ուղղել։
Աբդուլաևը հայտարարել է, որ «ողջ աշխարհը ճանաչել է Հայաստանի կողմից ադրբեջանցիների ցեղասպանությունը»։ Դրանից հետո նա կոչ է արել դադարեցնել պատերազմն ու ազատել իր հայրենիքը։
Նիկոլ Փաշինյանը սկսել է նրանից, որ չի կարող անգամ պատկերացնել՝ հայը կարողանար մտնել ադրբեջանական կողմի նման որևէ միջոցառման և հարց ուղղել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի։ Ցեղասպանության մասին ակնարկը նա այսպես է մեկնաբանել․
«Դա սովորական սուտ է, քանի որ անգամ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն է «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույում հայտարարել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ հեղաշրջում կատարելու համար»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է իր կողմից ավելի վաղ Իլհամ Ալիևին առաջարկած «խաղաղության բանաձևի» մասին, որը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբջանի ժողովուրդների համար։
Այնուհետև «վիդեոբլոգերը» սկսել է ընդհատել վարչապետին, որի պատճառով եկեղեցում աղմուկ է բարձրացել։
«Ղարաբաղը միշտ Ադրբեջան է», — ասել է ռուսերենին վատ տիրապետող Աբդուլաևը և հեռացել է եկեղեցուց։
Азербайджанский блогер задает вопросы премьер-министру Армении в Милане
🔴 Азербайджанский блогер пришел на встречу премьер-министра Никола Пашиняна с армянской диаспорой в церкви в Милане. Он обратился с серией вопросов к армянскому премьеру и начал с заявления: "весь мир признал геноцид азербайджанцев со стороны Армении". Потом он обратился к Пашиняну с просьбой: "Умоляю вас, прекратите эту войну. Нам эта война не нужна. Мы хотим свои земли. Освободите наши земли, пожалуйста"🔵 Никол Пашинян, отвечая, вначале подчеркнул, что не может даже представить, чтобы армянин смог войти на какое-либо подобное мероприятие, которое проводил бы премьер-министр или любой чиновник Азербайджана. «Вы сказали, что весь мир признал геноцид азербайджанцев – но это обычная ложь, поскольку даже бывший президент Азербайджана Аяз Муталибов в интервью российской «Независимой газете» сказал, что события в Ходжалы организовала азербайджанская оппозиция, чтобы добиться смены власти в Азербайджане», — сказал Пашинян. Также премьер-министр Армении заявил, что нельзя говорить с народом Нагорного Карабаха на языке угроз. Впрочем, вы можете посмотреть всю историю на видео
Posted by JAMnews on ხუთშაბათი, 21 ნოემბერი, 2019
Տեղեկություններ Երևանից
Հանդիպումից հետո սոցցանցերի հայկական տիրույթում մարդիկ սկսել են գրել այն մասին, որ վարչապետի թիկնազորի աշխատանքում լուրջ խնդիրներ կան։
Այս հարցին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․
«Փաշինյանի թիկնազորի աշխատանքում որևէ ձախողման կամ սխալների մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես և բոլոր եկեղեցիներում, հայկական եկեղեցու մուտքն ազատ է։ Ես կատարվածը, որպես այդպիսին, միջադեպ չեմ համարում։ Հարց տալու հնարավորություն է եղել, և վարչապետը պատրաստակամությամբ և մանրամասն պատասխանել է այդ հարցին»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Հայկական սփյուռքի հետ հանդիպմանն ադրբեջանցու մասնակցության թեման ամենաքննարկվողն էր սոցցանցերում արդեն հանդիպման օրը՝ նոյեմբերի 20-ին։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Դժվար է պատկերացնել, որ հայը կարող է չբեմադրված կերպով մտնել և հարց տալ գիտեք՝ ում։ Թեև Բաքվում ապրող 30 000-ից մեկին երևի կգտնեն և թույլ կտան ինչ-որ հարց տալ նախապես պատրաստված պատասխանով․․․»
«Եթե հայ լրագրողները չեն կարողանում սուր ու բարդ հարցեր տալ, թող դա անեն գոնե հարևան բլոգերները։ Լավ հնարավորություն է՝ հարվածին հակադարձել սովորելու»։
«Ես չեմ էլ կասկածում, որ նա բլոգեր չէ։ Նա հստակ գիտեր, թե ինչի է գնում։ Լավ է, որ սադրանքի չտրվեցին։ Բայց։ Թիկնազորին ուղղված բազում հարցեր կան»։
«Բրավո՜, ի՛մ ժողովուրդ, բրավո՜, վարչապե՛տ, ի՜նչ հանգիստ և նրբորեն վայ-բլոգերի հախից եկավ»։
«Հարցեր տվեց, որի պատասխանները հենց իր աչքերը ծակեցին, պատասխանները մինչև վերջ չլսելով՝ փախավ»։
«Ուզում էր սադրել մի բան, իսկ հետո բղավել․ վա՜յ, տեսեք, ինչ արին, բայց հուսախաբ եղավ և հիմար վիճակում հայտնվեց։ Իսկ վարչապետի անվտանգության հարցով․․․ այո, չեմ հասկանում, թե ում են այնտեղ ներս թողել։ Իսկ եթե հեռախոսի փոխարեն ուրիշ բա՞ն լիներ ձեռքը»։
«Զվարճալի դեմք էր, գոռում էր, սադրում և ինքն էլ նկարահանում իր ներկայացումը։ Անկեղծ ասած, ևս մեկ անգամ հասկացա, թե որքան համբերատար և բարի ենք մենք։ Պետք է միշտ բարությամբ հաղթել։ Եվ նույնիսկ շատ լավ է, որ նա եկավ և տվեց այդ հիմար հարցը, սակայն միաժամանակ ստացավ արժանի պատասխան՝ առանց ագրեսիայի»։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանական ընդդիմության մեկնաբանությունները
Թեև Հայաստանի վարչապետի հանդիպմանը սփյուռքի հայրենակիցների հետ Աթա Աբդուլաևը ներկայացել է որպես «հայտնի վիդեոբլոգեր», Ադրբեջանում նա հայտնի է նրանով, որ ընդդիմության ցույցերին ոստիկանությանն օգնում էր ձերբակալել մարդկանց և ամեն տեղ գովաբանում կառավարությանը։
Հետևաբար, ադրբեջանցի լրագրողներն ու ընդդիմադիրները նրան չեն սիրում և ոչ անհիմն համարում են իշխանամետ թրոլ և սադրիչ։ Եվ Աբդուլաևի «միլանյան արարքը» նույնպես շատերի կողմից ընկալվեց որպես խայտառակ սադրանք։
«Սկզբից մենք հայերին տվեցինք մեր տարածքներն, իսկ հիմա նրանց հարցեր ենք տալիս։ Սակայն այդ հարցերը պետք են հենց մեզ, պետք չէ դրանք նրանց տալ», — այսպիսի բառախաղով է արձագանքել կատարվածին «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը։
Հասարակական ակտիվիստ և բլոգեր Բախտիար Հաջիևը կատարվածն ընկալել է որպես անձամբ իրեն և բոլոր ադրբեջանցի բլոգերներին և ակտիվիստներին խայտառակելու միջոց։
Մեկ շաբաթ առաջ Խաղաղության փարիզյան համաժողովին նա նույնպես Ղարաբաղի մասին հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հետո շատ էին գրում և խոսում, շատերը գովում էին Հաջիևին։ Այնպես որ, ըստ Հաջիևի, եկեղեցու միջադեպը կազմակերպվել էր, որպեսզի ուշադրությունն իրենից շեղվի, մարդկանց ստիպեն մոռանալ իր հաջողղության մասին և, ընդհանուր առմամբ, վարկաբեկեն անկախ ակտիվիստների գործունեությունը։
«Աթա Աբդուլաևն ու նրանք, ովքեր նրան ուղարկել են, ուժեղ հարված են հասցրել Ադրբեջանին, նրա ժողովրդին, հեղինակությանն ու ապագային», — ասում է Հաջիևը։
Իշխանությունների արձագանքը
Axar.az կայքը հաղորդում է․ նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններն Աթա Աբդուլաևին Միլան չեն ուղարկել․
«Ադրբեջանի կառավարությունն այն մակարդակի չէ, որ Աթա Աբդուլաևի պես մեկին ուղարկի Հայաստանի վարչապետի կազմակերպած միջոցառմանը՝ նման խղճուկ «երկխոսություններ» իրականացնելու համար»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Միլանում Նիկոլ Փաշինյանի ելույթը․
«Հայաստանի վարչապետի խոսքերը կարելի է բնութագրել որպես իր ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ։ Այլ կերպ դա հնարավոր չէ գնահատել», — ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Ի պատասխան Խոջալուի ողբերգության մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Աբդուլաևան հիշեցրել է Հայաստանի նախկին նախագահ, այն պահին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը․
«Խոջալուից առաջ ադրբեջանցիները մտածում էին, որ․․․ հայերն ունակ չեն ձեռք բարձրացնելու քաղաքացիական բնակչության վրա։ Մենք կարողացանք կոտրել այդ կարծրատիպը»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցիալական ցանցերը նույնպես հիմնականում համակարծիք են, որ․
առաջին հերթին, Աթա Աբդուլաևին ինչ-որ մեկն ուղարկել է այդ հանդիպմանը;
երկրորդ հերթին, ահավոր ամոթ է այն բանի համար, թե ինչ էր նա այնտեղ կազմակերպել։
Որոշ մեկնաբանություններ․
«Որքա՞ն կարելի է։ Այս տեսակը խայտառակում է Ադրբեջանն աշխարհով մեկ»։
«Մեղավորը նույնիսկ ոչ թե այդ ապուշն է, այլ նրանք, ովքեր նրա հետևում են կանգնած, օգնում են շրջել աշխարհով և այսպիսի ամոթալի շոուներ սարքել»։
«Ինչպիսի՜ ամոթ։ Նա երկու բառ չի կարողանում կապել։ Եթե նրան այնտեղ ուղարկել էին, գոնե ընտրեին ավելի կրթված մեկին»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներին, ապա նրանցից շատերն ընդհանրապես լռութայն են մատնել այս միջադեպը, որոշներն էլ՝ խեղաթյուրված են ներկայացրել այն։
Այսպես, Musavat.com կայքն Աթա Աբդուլաևին անվանում է «հայտնի բլոգեր, որը ցնցել է Փաշինյանին և բոլոր ներկաներին»։
Իսկ Haqqin.az-ը պնդում է, որ «Նիկոլ Փաշինյանը շփոթվել է՝ հայկական եկեղեցում ադրբեջանցի տեսնելով»։