Վրաստանի խոշորագույն բանկի հիմնադիրն ասում է, որ իրեն սպառնացել է ՆԳՆ ղեկավարը
Վրաստանի գլխավոր ֆինանսական ինստիտուտներից մեկի՝ ТВС բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ իրեն սպառնացել է երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գվախարիան։
Խազարաձեն հաղորդել է, որ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել։
•Ինչո՞ւ է Իվանիշվիլին պայքարում ТВС բանկի դեմ
•ТВС բանկն՝ առանց Խազարաձեի։ Ի՞նչ է նշանակում Ազգային բանկի որոշումը
Այս ամենի մասին Խազարաձեն հաղորդել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նիստի ընթացքում, որի ժամանակ նա պատգամավորներին ամեն ինչ պատմել է 2008թ-ի աղմկահարույց գործարքի մասին։
Վրաստանի ամենախոշոր բանկի շուրջ սկանդալը չի դադարում արդեն մի քանի ամիս։
Գլխավոր դատախազությունը հետաքննում է 11 տարվա վաղեմության գործարքի մանրամասները, որում ներգրավված է ТВС բանկի Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն ու նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն։
Դատախազության կարծիքով՝ այդ գործարքում փողերի՝ 17 մլն դոլարի լվացման տարրեր կան։ Ավելի ուշ գործում ներգրավվել էր նաև Ազգային բանկը, որը ТВС բանկի բաժնետերերից պահանջել էր Խազարաձեին և Ջափարիձեին հեռացնել զբաղեցրած պաշտոններից երկամսյա ժամկետում։
Փետրվարի 21-ին Մամուկա Խազարաձեն լքել էր ТВС բանկի Դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնը։
Այդ ընթացքում ընդդիմությունն ու տնտեսական հարցերի փորձագետները խոսում են կատարվածի քաղաքական ենթատեքստի մասին։
Իսկ ավելի ճիշտ՝ նախկին վարչապետ և Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի և Մամուկա Խազարաձեի անձնական դիմակայության մասին, որի մեկնարկին նախորդել էին Իվանիշվիլիի մի քանի կտրուկ հայտարարություններ։
Խազարաձեն ասում է, որ նամակ է ստացել ՆԳՆ ղեկավարից 2018 թ-ի նոյեմբերին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Նամակում Գվախարիան բանկիրին «որոշակի հանձնարարություններ» էր տվել՝ սպառնալով դրանք չկատարելու դեպքում «խաթարել նրա հեղինակությունը»։
Խազարաձեն ասում է․
«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ես նամակ ստացա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից, որը սպառնալից տոնով հայտարարում էր, որ կխաթարի իմ հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակում։ Այդ նամակն ինձ մոտ է։ Ես շատ զարմացա, որ սպառնալիքները թղթին էին հանձնված, այլ ոչ թե բանավոր էին ինձ ասվել։ Նամակում պահանջներ կային, որոնք բնականաբար մենք չկատարեցինք։ Դրան հետևեց այն, ինչ գիտեք»։
Միաժամանակ Խազարաձեն հրաժարվում է հրապարակել նամակը։
«Նամակը ստորագրված է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կողմից։ Ես չեմ ուզում այնպիսի իրավիճակում հայտնվել, որ ստիպված լինեմ նամակով վազվզել լրագրողների մոտ։ Այդ նամակը սպառնալիքներ է պարունակում, որոնք պայմանավորված են նրանով, որ մենք չենք կատարել այն, ինչ մեզնից պահանջել են», — հայտարարել է Խազարաձեն։
Որպես օրինապահ քաղաքացի ինքն այդ տեղեկությունները տրամադրել է համապատասխան մարմիններին, ասել է Խազարաձեն։ Նրա խոսքով՝ ինքը կատարվածի մասին տեղյակ է պահել դատախազությանը հարցաքննության ժամանակ, սակայն ներկա գտնվող երեք դատախազները հետաքրքրություն չեն ցուցաբերել։
«Զարմանալին այն է, որ այդ մասին ես հայտարարել եմ իմ հարցաքննության արձանագրությունում, սակայն դրանից հետո նույնպես գործ չի հարուցվել։ Դատավորն ու երեք դատախազներն ինձ ոչ մի հարց չեն տվել։ Ես ասել եմ, որ ճնշման տակ եմ, որ սպառնալիքներով նամակ եմ ստացել, սակայն ոչ միայն ոչ ոք հարցեր չտվեց կամ գործ չհարուցեց, այլև ընդհակառակը, հունվարի 9-ին նրանք սարսափելի հայտարարությամբ հանդես եկան, որը մեր ներդրողներին 90 միլիոնի վնաս հասցրեց․․․ Կարող եք ծանոթանալ հարցաքննության արձանագրությանը։ Ինչո՞ւ դատախազությունը չի հրապարակում այդ արձանագրությունը, եթե գաղտնիության կնիք չկա վրան», — հայտարարել է Խազարաձեն խորհրդարանում։
Խազարաձեի հայտարարությանն արդեն արձագանքել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը։ Դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ ТВС-բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն կհարցաքննվի և եթե ապացուցի իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ մեղադրանքները, իրավաբանական արձագանք կլինի։
________