Մամուկա Խազարաձեի համար Միխայիլ Խոդորկովսկու ճակատագիրն են կանխատեսում " />

Ինչո՞ւ է նախկին վարչապետ Իվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի դեմ

Մամուկա Խազարաձեի համար Միխայիլ Խոդորկովսկու ճակատագիրն են կանխատեսում

Վրաստանի խոշորագույն ТВС բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեի դեմ քրեական գործ է հարուցվել։

Չի բացառվում, որ Մամուկա Խազարաձեն բանտում հայտնվի փողերի լվացման մեղադրանքով։ Շատերն են արդեն նրա համար կանխատեսում ռուս օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու ճակատագիրը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու վերլուծաբանները դատախազության գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեցող, երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի կողմից թելադրված են համարում։

Անհանգստացած են նաև շարքային քաղաքացիները։ Շատերը սկսել են մտածել իրենց խնայողությունները ТВС բանկից հանելու մասին։

JAMnews-ը պատմում է, թե ինչի համար է դատախազությունը մեղադրում երկրի խոշորագույն բանկին և ինչու է այս գործը կարևոր ոչ միայն այդ բանկի, այլ նաև ողջ երկրի համար։

_____________

 Պատմություն՝ 17 միլիոնի լվացման մասին։ Ի՞նչ է փնտրում դատախազությունը

Վրաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ ТВС բանկի դեմ։ Մեղադրանքը շատ լուրջ է՝ ապօրինի մուտքերի օրինականացում կամ փողերի լվացում։ Խոսքը գնում է 17 մլն դոլարի մասին։

Տեղեկությունն այն մասին, որ դատախազությունը ТВС բանկի փաստաթղթերն է պահաջել և հետաքննում է գործը, լրատվամիջոցներում հայտնվեցին հունվարի 8-ին։ Ավելի ուշ դատախազությունը պարզաբանել էր, որ քննությունը սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիսին, իսկ օգոստոսին բանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Գործը, որը հետաքննում է դատախազությունը, 2008 թվականի է։ Ինչպես ասվում է դատախազության հայտարարությունում, 11 տարի առաջ ТВС բանկը «Սամգորի Մ» և «Սամգորի Թրեյդ» ընկերություններին 17 մլն դոլար է տրամադրել շրջանառության գումարները համալրելու նպատակով։ Այդ նույն հայտարարությունում կարդում ենք, որ, պարզվում է, փոխառությունը տրամադրվել է արագացված կարգով և ընթացակարգային խախտումներով։

Իսկ հետո հետևյալն է տեղի ունեցել․ բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեի հաշիվներին 17 մլն դոլար է փոխանցվել։ Դրանք փոխանցել են այն ընկերությունները, որոնք գումար էին փոխառել ТВС բանկից։ Դատախազությունը պնդում է, որ այդ 17 միլիոնը ТВС բանկին չի վերադարձվել  մինչև օրս։

Ավելին՝ 2012թ-ին ТВС բանկն ընդհանրապես ազատել է «Սամգորի Մ»-ին և «Սամգորի Թրեյդին» դրամական պարտավորություններից՝ նրանց թույլ տալով այդ 17 մլն պարտքը փոխանցել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին։

Դատախազության հայտարարությունից պարզ չէ, թե ինչու է այն այդ գումարները «կանխիկ սև գումար» անվանում։

Քննությունը շարունակվում է։ Եթե մեղադրանքն ապացուցվի, չի բացառվում, որ երկրի ամենահայտնի բանկային պաշտոնյան ճաղերի հետևում հայտնվի։

Եվս մեկ հետաքրքիր տեղեկություն․ «Սամգորի Մ» և «Սամգորի Թրեյդ» ընկերությունները պատկանում են գործարար Ավթանդիլ Ծերեթելիին։ Նրան է պատկանում նաև «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությունը, որ փոքր է, բայց բավականին հաջողված, հեռարձակվում է միայն Թբիլիսիում և այդտեղ են աշխատում բազմաթիվ հայտնի լրագրողներ, որոնք տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են պետական հեռուստաալիքներից։

ТВС բանկի պատասխանը

ТВС բանկը մեղադրանքները հերքում է և ասում, որ այն, ինչը դատախազությունը «փողերի լվացում» է անվանում «սովորական օրինական բանկային գործարք է», որը բազմիցս ստուգել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, միջազգային աուդիտորներն ու անգամ Ազգային բանկը։

Ոչ ոք ոչ մի խախտում այդ գործում չի հայտնաբերել։

ТВС բանկը Վրաստանի առաջատար բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 2 մլն հաճախորդի։ Այն ստեղծվել է 1992թ-ին։ Այն ակտիվների մասով երկրի առաջին բանկն է և առաջատարն ավանդների մասով։ ТВС բանկում, հաշվի առնելով դուստր կառույցները, աշխատում է մոտ 7 հազար մարդ։

ТВС-ին ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ գործը «հնացած է»։ Բանկի փաստաբան Զվիադ Կորձաձեն ասում է, որ 2007-2008թթ-ին Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն վարկատուներից, մասնավոր անձանցից և միջազգային ֆինանսական ինստիտուտներից ընդհանուր առմամբ փոխառել են 80 մլն դոլար՝ բանկի կապիտալի շրջանառությունը ավելացնելու համար։

Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ է եղել նաև այդ 17 միլիոնը, որոնք վերցվել են «Սամգորի» ընկերություններից և ծախսվել բանկի կարիքների վրա։

«Փողերի լվացման համար անհրաժեշտ է, որպեսզի ապօրինի մուտքեր լինեն՝ գործարքների միջոցով դրանք օրինականացնելու համար», – ասում է փաստաբան Կորձաձեն։

Մամուկա Խազարաձեի խոսքով՝ «այս ամենը բացասաբար կանդրադառնա երկրի ամենամեծ ֆինանսական ինստիտտւտի հեղինակության և նրա հիմնադիրների հեղինակության վրա»։

Խազարաձեն կարծում է նաև, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Նա ասում է, որ ТВС բանկի գոյության 27 տարվա ընթացքում «ցանկացած քաղաքական ուժի կաառավարման ցանկացած փուլում այն բազմից գրոհի թիրախ է եղել»։

Որտեղի՞ց են կասկածներ առաջացել, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի

Կատարվածի կապակցությամբ բազմաթիվ վարկածներ են առաջադրվել։ Դրանց բոլորին միավորում է այն, որ ոչ ոք չի հավատում, որ դատախազությունը հանդգնել է «քաշքշել» երկրի գլխավոր ֆինանսական ինստիտուտներից մեկին առանց Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի գիտության և համաձայնության։

–Ոմանք կարծում են, որ Իվանիշվիլին Խազարաձեի մեջ քաղաքական մրցակից է տեսնում և մաքրում է քաղաքական դաշտը 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Մյուսների կարծիքով՝ որոշվել է Խազարաձեին «պատժել» երկրի նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլիի երբեմնի ֆավորիտ, իսկ հետագայում՝ նրա հիասթափություն Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ նրա ընկերական կապերի համար;

Ենթադրություններ կան, որ Իվանիշվիլին որոշել է ձեռքը գցել ТВС-բանկը;

–Զուգահեռներ են անցկացվում 2004թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Վլադիմիր Պուտինը գրոհեց իր պոտենցիալ մրցակիցներին, գործարարներին և մեդիամագնատներին՝ Գուսինսկուն, Խոդորկովսկուն և ուրիշներին։

–Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ТВС բանկի դեմ քրեական գործ հարուցելով՝ Իվանիշվիլին «միանգամից երկու նապաստակ է բռնում»՝ ազդեցիկ բանկային պաշտոնյան Մամուկա Խազարաձեին և աճող պոպուլյարություն ունեցող «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի տեր Ավթանդիլ Ծերեթելիին։

Անակլիա՝ գլխավոր վարկած

Եվ, այնուամենայնիվ, այս գործի գլխավոր վարկածն Անակլիայի նավահանգստի հետ է կապված։

Այս վարկածի համաձայն՝ Իվանիշվիլին նյարդայնացել է, որ հենց ТВС բանկն է ներգրավված Վրաստանի ամենակարևոր նախագծի՝ Անակլիայի նավահանգստի շինարարության իրականացման գործում։ Դա չի թաքցնում ինքը՝ Իվանիշվիլին։

Վրաստանում սկսվել է առաջին խորջրյա նավահանգստի շինարարությունը։ Ֆոտոռեպորտաժ

ԱՄՆ պետքարտուղար․ «Անհամբեր սպասում ենք, թե երբ է Վրաստանն անդամակցելու ՆԱՏՕ-ին»

Հարցազրույցներից մեկում քաղաքականություն վերադառնալուց հետո Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում երկու բանկ՝ ТВС բանկն ու «Սաքարթվելոս բանկին» «խժռել են ողջ երկիրը»։

Այդ նույն հարցազրույցում Իվանիշվիլին քննադատել էր այն ժամանակվածի վարչապետ Կվիրիկաշվիլիին այդ բանկերի շահերի լոբբինգն անելու համար։ Իվանիշվիլին նկատի ուներ, որ Անակլիայի նավահանգստի շինարարության մասնակցության տենդերը ТВС բանկը շահել էր հենց Կվիրիկաշվիլիի պաշտոնավարման ժամանակ։

Մամուկա Խազարաձեի ТВС-group-ը, որի մեջ է մտնում ТВС բանկն, «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» համահիմնադիրն է։

 

Իր կողմից կոնսորցիումն Անակլիայում ահռելի նախագիծ է իրականացնում՝ Վրաստանում կառուցում է առաջին խորջրյա նավահանգիստը։ Փորձագետների կարծիքով՝ այսօրվա դրությամբ դա գլխավոր նախագիծն է, որը Վրաստանում իրականացվում է։

 

Ըստ նշանակության՝ այն համեմատում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծի հետ, որի իրականացումը սկսվել էր Շևարդնաձեի պաշտոնավարման տարիներին։

 

Նախագծի հաջող իրականացմա շահագրգռված է ԱՄՆ-ն։ Դրանում շատ են մասնավոր ամերիկյան ներդրումները։ Նավահանգիստը կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն արտահանման ճանապարհ է բացում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխման համար։

 

Առաջին վրացական խորջրյա նավահանգիստը հավակնում է դառնալ թուրքական նավահանգիստների, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետությունների նավահանգիստների մրցակիցը։

 

Նախագիծը ֆինանսական առումով մեծածավալ է։ Ընդհանուր առմամբ ներդրումները կազմում են 2.5 մլրդ դոլար։

Այս վարկածին է հակված ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ, տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն

«Անակլիայի նավահանգիստն ավելացրել է Արևմուտքի հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ։ Հետևաբար, Կվիրիկաշվիլին և Խազարաձեն քաղաքական առումով ուժեղանալու հնարավորություն էին ստացել։ Դա, բնականաբար, զգացել է Իվանիշվիլին և ոչնչացրել նման հեռանկարը»։

Քաղաքագետ Գիա Նոդիան կարծում է, որ ակնհայտ է «քաղաքականապես մոտիվացված և կազմակերպված արշավը ֆինանսական կազմակերպության դեմ»։ Նրա կարծիքով՝ գլխավոր վարկածն Անակլիայի նավահանգիստն է։

«Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո սպասելի էր, որ Իվանիշվիլին կսկսի պայքարել նաև Խազարաձեի դեմ, որ Կվիրիկաշվիլիի ընկերն է», – ասում է Նոդիան։

Արդյո՞ք պետք է ավանդները դուրս բերել ТВС բանկից։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ազդեցիկ ֆինանսական ինստիուտին հասցված հարվածը

ТВС բանկը մի ընկերություն է, որ ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, այն Վրաստանի՝ 27-ամյա ստաժով խոշորագույն համակարգային բանկերից մեկն է։ Այն վստահություն է վայելում Վրաստանում։ Առավելապես պոպուլյար է բնակչության միջին շերտերում։

Քաղաքացիներից շատերը հենց այս բանկում ունեն խնայողություններ և հաշիվներ։ Վրաստանի նորագույն պատմությունը (1990-ական թթ) հարուստ է բանկերի սնանկացման և մարդկանց խնայողությունների կորստի դեպքերով։ Դրանց մասին հիշողությունները դեռ թարմ են, այդ պատճառով էլ ТВС բանկի դեմ դատախազության գործողություննեը մարդկանց մոտ անկայունության զգացում են առաջացրել։

Վրաստանում ընդհանուր առմամբ 16 առևտրային բանկ կա։ Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է գործող բանկերի 2018թ-ի երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները։

 

Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին ամենաշատ եկամուտն ունեցել է ТВС բանկը՝ 262 մլն լարի, ինչը կազմել է բանկային հատվածի ընդհանուր եկամտի 44%-ը։

 

ТВС բանկի եկամուտն, ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է 23%-ով։ Վրաստանի առավել եկամտաբեր բանկերի հնգյակում են ТВС բանկը, «Սաքարթվելոս բանկին», «Լիբերթի բանկին», «VTB բանկն» ու «Բազիսբանկը»։

Երկրի բնակչության փորձել է հանգստացնել նաև Ազգային բանկը։

Դրա հատուկ հայտարարությունում ասվում է, որ ТВС բանկն առողջ վարկային կազմակերպություն է, դրա ակտիվները լիկվիդային են [լիկվիդային կամ ֆինանսապես ապահովված նշանակում է, որ բանկն ունի արժեքավոր իրեր արագ վաճառքի համար _JAMnews] և նրա հաճախորդներին ֆինանսական վտանգներ չեն սպառնում։

Տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին, որը մի ժամանակ մոտ էր Իվանիշվիլիին, ТВС բանկի հետ կապված իրավիճակը սաբոտաժ է անվանում։ Նրա խոսքով՝ վտանգված է ոչ միայն բանկն, այլև ողջ երկիրը։ Սակայն միաժամանակ նա կանխատեսում է, որ ТВС բանկի դեմ հարուցված քրեական գործը շուտով կփակվի, քանի որ ոչ մի հեռանկար չունի

«Բացարձակ անհասկնալի է, թե ինչի հիման վրա է քննությունը խոսում փողերի լվացման մասին։ Այս գործը մեկ այլ խնդիր էլ ունի․ այն հնացած է»։

«Նոր տնտեսական դպրոց – Վրաստան» կազմակերպության փոխնախագահ Գիա Ջանդիերին ասում է, որ ТВС բանկի հետ կապված իրադարձությունները բացասաբար են անդրադառնում երկրի միջազգային իմիջի, հետևաբար նաև ներդրողների տրամադրությունների վրա։

«Երբ ներդրողը տեսնում է, որ բանկային հատվածի նման ուժեղ խաղացողի վրա պետությունը կարող է այսպես բացահայտ հարձակվել, հարյուր անգամ կմտածի, թե արդյոք արժե մեր եկիր գալ իր կապիտալով», – ասում է Ջանդիերին։

Բանկային պաշտոնյա Խազարաձեն քաղաքականությո՞ւն կմտնի

Իվանիշվիլիի հետ փչացած հարաբերությունները կարգավորել և իր հավատարմությունն ապացուցել Մամուկա Խազարաձեն փորձել էր դեռ անցած նախագահական ընտրությունների ժամանակ (իր հատուկ հայտարարությունում ТВС բանկը կոչ էր արել իր աշխատակիցներին աջակցել իշխանամետ թեկնածուին)։

Բայց փաստ է, որ Իվանիշվիլիի համար Խազարաձեի այս փորձերը ոչ բավարար էին։

Այսօր Խազարաձեն իշխանությունների համար գրեթե համար մեկ թշնամի է, որի դեմ հզոր տեղեկատվական արշավ է գնում։

Անանուն էջերը Ֆեյսբուքում, կասկածելի կայքերը, որոնք 2018թ-ի նախագահական ընտրությունների ընթացքում աշխատում էին ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի դեմ, այսօր անցել են Խազարաձեին վարկաբեկելուն։

Քաղաքական դիտորդների մի մասը կարծում է, որ ինքնապահպանման համար Մամուկա Խազարաձեին մնում է միայն քաղաքականություն մտնել և իր պայքարը շարունակել քաղաքական դաշտում։ Այս սցենարը չի բացառում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Ուգուլավան, որը համապատասխան կերպով արտահայտվել է իր ֆեյսբուքյան էջում։

Սակայն մեծ մասը չի հավատում, որ Խազարաձեն կարող է քաղաքականություն մտնել։ Տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին այդպիսի հնարավորությունը բացառում է։

«Խազարաձեն իշխանությունների հետ համաձայնության չի գնա, որովհետև դա անիմաստ է։ Սակայն ինքն էլ չի սկսի գործել։ Նա կսպասի իրավիճակի զարգացմանը․․․ Դատախազությունում այս գործը հեռանկարներ չունի, քանի որ այն աբսուրդային և կեղծված է», – ասում է Խուխաշվիլին։

Նրա խոսքով՝ վերջնարդյունքում այս պատմությունում պարտված կողմը Բիձինա Իվանիշվիլին է լինելու, որը վերջերս հաճախ է պարտություն կրում իր ընդդիմախոսների հետ պայքարում։

«Փաստացի շարունակվում է դեգրադացման գործընթացը, Իվանիշվիլին ոչ միայն չի կարող այն կանգնեցնել, այլև, ընդհակառակը․ ամեն ինչ ավելի ու ավելի արագ է զարգանում», – ասում է Խուխաշվիլին։


Կարդալ ավելին JAMnews-ում