Ընդդիմությունը մեղադրում է Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարին՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին․ «Նա փորձում է խեղդել այն ամենն, ինչը դիմադրում է իր բռնապետությանը»" />

Վրաստանի առաջատար բանկի դեմ արշավը քաղաքական ենթատեքստ ունի․ կարծում են տեղացի փորձագետները

Ընդդիմությունը մեղադրում է Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարին՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին․ «Նա փորձում է խեղդել այն ամենն, ինչը դիմադրում է իր բռնապետությանը»

Վրաստանում շարունակվում է երկրի առաջատար ТВС-բանկի շուրջ սկանդալը։ Դրան է միացել Վրաստանի Ազգային բանկը, որը պահանջել է ТВС-բանկի ղեկավար Մամուկա Խազարաձեի հրաժարականը։

ТВС-բանկը Վրաստանի ուժեղագույն ֆինանսական կառույցներից մեկն է։ Ազգային բանկի պահանջների առաջին արդյունքներըТВС-բանկի արժեթղթերը Լոնդոնի ֆինանսական բորսայում էժանացել են 7.5%-ով։

Համակարգային բանկի դեմ նման մասշտաբային որոշում Վրաստանի Ազգային բանկը դեռ երբեք չէր կայացրել։ Ի՞նչ է տեղի ունեցել։

Ընդդիմությունն ու փորձագետները վստահ են, որ այս բոլոր գործընթացները նախաձեռնվել են երկրի ոչ ֆորմալ ղեկավարի և ամենաազդեցիկ մարդու՝ միլիարդատեր, իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմից։

_____________

Վրաստանի Ազգային բանկը ТВС-բանկի բաժնետերերին երկու ամիս է տվել զբաղեցրած պաշտոնից Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեին հեռացնելու համար։ Միաժամանակ իր աթոռը պետք է լքի նաև նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն։

Իր պահանջներով նամակն Ազգային բանկը ТВС-բանկ է ուղարկել փետրվարի 14-ին։

Ինչո՞ւ է Իվանիշվիլին պայքարում ТВС-բանկի դեմ

Ցմահ լիազորություններով դատավորների գործն ու հասարակության պառակտումը

Ի՞նչ ասաց Վրաստանը ղեկավարող մարդը։ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցների գլխավոր մանրամասները

Ազգային բանկի որոշման համար հիմք է ծառայել ТВС-բանկում մի քանի ամիս առաջ անցկացված ստուգումը։

Դատախազության տվյալներով՝ ստուգման արդյունքում խախտումներ էին հայտնաբերվել, որոնք կատարվել էին 2007-2008թ-ին, որոնք, հնարավոր է, կապված են փողերի լվացման հետ։

Կասկածելի գործարքը կատարել է հենց բանկի ղեկավարությունը՝ Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն և նրա տեղական Բադրի Ջափարիձեն։

Դատախազությունը կարծում է, որ 17 մլն դոլարի լվացում է տեղի ունեցել։ ТВС-բանկում մեղադրակնքները կտրականապես հերքում են։

Կատարվածի քաղաքական ենթատեքստի մասին է խոսում ոչ միայն ընդդիմությունն, այլ նաև տնտեսական հարցերով փորձագետների մեծ մասը։

Ի՞նչ է պլանավորում Մամուկա Խազարաձեն

ТВС-բանկի Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն, որն այդ բանկը ղեկավարում է արդեն 27 տարի, փետրվարի 15-ին առաջին անգամ իր դիրքորոշումն է հայտնել սկանդալի կապակցությամբ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ ТВС-բանկի և անձամբ իր՝ որպես բանկի ղեկավարի դեմ արդեն ութ ամիս է, ինչ կազմակերպված արշավ է ընթանում։

Նրա կարծիքով՝ դա մեծ հավանականությամբ կապված է Անակլիա նավահանգստի շինարարության նախագծի հետ

«Մեծ կասկածներ է առաջացնում այն, որ արագացված ռեժիմով կայացված որոշումն ու մեր համբավին վնաս հասցնող արշավը սկսվել է հենց այն ժամանակ, երբ մենք այնքան մոտ ենք երկրի համար կարևորագույն նախագծի՝ Անակլիայի նավահանգստի իրականացմանը»։

Լրացուցիչ տեղեկություններ․ Անակլիա և ТВС-բանկ

+

Մամուկա Խազարաձեի ТВС-group-ը, որի մեջ է մտնում ТВС բանկն, «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» համահիմնադիրն է։

 

Իր կողմից կոնսորցիումն Անակլիայում ահռելի նախագիծ է իրականացնում՝ Վրաստանում կառուցում է առաջին խորջրյա նավահանգիստը։ Փորձագետների կարծիքով՝ այսօրվա դրությամբ դա գլխավոր նախագիծն է, որը Վրաստանում իրականացվում է։

 

Ըստ նշանակության՝ այն համեմատում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծի հետ, որի իրականացումը սկսվել էր Շևարդնաձեի պաշտոնավարման տարիներին։

 

Նախագծի հաջող իրականացմամբ շահագրգռվածէ ԱՄՆ-ն։ Դրանում շատ են մասնավոր ամերիկյան ներդրումները։ Նավահանգիստը կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն արտահանման ճանապարհ է բացում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխման համար։

 

Առաջին վրացական խորջրյա նավահանգիստը հավակնում է դառնալ թուրքական նավահանգիստների, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետությունների նավահանգիստների մրցակիցը։

 

Նախագիծը ֆինանսական առումով մեծածավալ է։ Ընդհանուր առմամբ ներդրումները կազմում են 2.5 մլրդ դոլար։

 

«Մենք չենք զիջելու մեր գործն, ազատությունն ու արժանապատվությունը։ Մենք չենք հարմարվելու անարդարության հետ և բոլոր հասանելի ու հնարավոր ուղիներով պաշտպանելու ենք ТВС-բանկի և նրա բաժնետերերի իրավունքները տեղական և միջազգային ինստիտուտներում»,ասված էր Մամուկա Խազարաձեի հայտարարությունում։

Խազարաձեն ընդգծում է, որ ТВС-բանկի «կասկածելի» գործարքն ուսումնասիրել է աշխարհահռչակ DENTONS իրավաբանական ընկերությունը և ոչ մի ապօրինի բան չի գտել դրա մեջ, էլ չենք խոսում փողերի լվացման մասին, և ակնհայտ է շահերի բախումը, և ոչինչ ավելին։

ТВС-բանկի փաստաբան Զվիադ Կորձաձեն հայտարարել է, որ բանկը մտադիր է դատական կարգով բողոքարկել Խազարաձեին և Ջափարիձեին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին Վրաստանի Ազգային բանկի պահանջը։

Նշենք, որ իր հայտարարությունում Մամուկա Խազարաձեն չի հիշատակում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության և երկրի ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին։

Ընդդիմության և փորձագետների գնահատականները

Փոխարենն ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև փորձագետները ТВС-բանկի գործի առնչությամբ բոլորից շատ հիշատակում են հենց Իվանիշվիլիին։

ТВС-բանկի շուրջ սկանդալի մեջ նրանք լուրջ սպառնալիքներ և խնդիրներ են տեսնում ողջ բիզնեսի և անգամ պետության համար։ Նրանց մեծ մասը չի էլ կասկածում, որ ТВС-բանկի դեմ Իվանիշվիլին անձամբ է պայքարում։

ТВС-ին Վրաստանի առաջատար բանկերից մեկն է, որը գրեթե երկու միլիոն հաճախորդների է սպասարկում։ Այն բացվել է 1992թ-ին։ Այն Վրաստանի առաջին բանկն է իր ակտիվներով և շուկայի առաջատարն՝ ավանդների շուկայում։ Դուստր ընկերությունների հետ միասին ТВС-ին ունի 7 հազար աշխատատեղ։

«Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկն՝ Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն, հայտարարել է, որ «Վրաստանում Ազգային բանկ չկա»։ Նրա խոսքով՝ այդ անվանումով հաստատությունը գտնվում է Իվանիշվիլիի վերահսկողության տակ, այդ պատճառով էլ «Ազգային բանկի նախագահն իր տեղակալների հետ միասին պետք է հրաժարական տա»։

Ստեղծված իրավիճակը բանկային հատվածի հանդեպ քաղաքական ճնշում է անվանում նաև «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը։ Դրա առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Չիաբերաշվիլին, ասում է, որ չի զարմանում ТВС-բանկի շուրջ կատարվածով։

«Տրամաբանական է, որ լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից  հետո Իվանիշվիլին հարվածելու էր բանկային համակարգին։ Բոլոր նրանց, ովքեր դիմադրում են նրա բռնապետությանը, նույն ճակատագիրն է սպասվում»։ 

Վարկածներ․ ինչո՞ւ է Իվանիշվիլին պայքարում ТВС-բանկի դեմ

+

Կատարվածի կապակցությամբ բազմաթիվ վարկածներ են առաջադրվել։ Դրանց բոլորին միավորում է այն, որ ոչ ոք չի հավատում, որ դատախազությունը հանդգնել է «քաշքշել» երկրի գլխավոր ֆինանսական ինստիտուտներից մեկին առանց Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի գիտության և համաձայնության։

–Ոմանք կարծում են, որ Իվանիշվիլին Խազարաձեի մեջ քաղաքական մրցակից է տեսնում և մաքրում է քաղաքական դաշտը 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Մյուսների կարծիքով՝ որոշվել է Խազարաձեին «պատժել» երկրի նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլիի երբեմնի ֆավորիտ, իսկ հետագայում՝ նրա հիասթափություն Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ նրա ընկերական կապերի համար;

Ենթադրություններ կան, որ Իվանիշվիլին որոշել է ձեռքը գցել ТВС-բանկը;

–Զուգահեռներ են անցկացվում 2004թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Վլադիմիր Պուտինը գրոհեց իր պոտենցիալ մրցակիցներին, գործարարներին և մեդիամագնատներին՝ Գուսինսկուն, Խոդորկովսկուն և ուրիշներին։

–Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ТВС բանկի դեմ քրեական գործ հարուցելով՝ Իվանիշվիլին «միանգամից երկու նապաստակ է բռնում»՝ ազդեցիկ բանկային պաշտոնյան Մամուկա Խազարաձեին և աճող պոպուլյարություն ունեցող «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի տեր Ավթանդիլ Ծերեթելիին։

ТВС-բանկին լիակատար աջակցություն է հայտնել «Վրաստանի բանկերի ասոցիացիան», որն իր հայտարարությունում նույնպես խոսում է ТВС-բանկի հանդեպ ճնշման քաղաքական ենթատեքստի մասին։

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» առավել ազդեցիկ հասարակական կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրին իրավիճակի իր գնահատականում շեշտադրում է Անակլիայի նավահանգստի հանգամանքը «Շատ տագնապալի է, երբ երկրի համար կարևոր նախագծի՝ Անակլիայի նավահանգստի նախագծի իրականացմամբ զբաղվող ընկերությունում այսպիսի խնեիրներ են առաջանում։

Հնարավոր է, որ Վրաստանի համար կենսական նշանակություն ունեցող նախագծի ձախողման հարցում հետաքրքրված է Ռուսաստանը», – ասում է Գիգաուրին։

Նրա խոսքով՝ Խազարաձեի մարտավարությունն այս պայքարում պետք է լինի հրապարակայնությունն ու թափանցիկությունը։

«Կարևոր է, որպեսզի Մամուկա Խազարաձեն բացահայտ խոսի այսօրվա իրավիճակին հանգեցրած պատճառների մասին», – նշում է նա։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բատու Կուտելիան կարծում է, որ «Իվանիշվիլին «յուրացնում է» պետությունը՝ դատարանն, ուժային կառույցները, բանկային հատվածը։ Այդ ամենն էլ ավելի է ուժեղացնում ոչ ֆորմալ իշխանության ուժեղացմանը»։

Իշխանությունների դիրքորոշումը

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեղեկության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում Իվանիշվիլիին մոտ անձինք բանակցություններ են վարել ТВС-բանկի ղեկավարության հետ նրանց մասնաբաժինները գնելու շուրջ։ Խոսքը մասնավորապես ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի մասին է։ Նախարարը, սակայն, կտրականապես հերքում է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ պետք է սպասել կարգավորող մարմնի որոշմանն, ու այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։ Նույնպիսի հայտարարություններով են հանդես գալիս մեծամասնության ներկայացուցիչները։

Այսպես, պատգամավոր Բեքա Նացվլիշվիլին ասում է, որ ТВС-բանկը բնավ անօգնական կազմակերպություն չէ և լիովին ունակ է ուժեղ փաստաբաններ վարձելու, որոնք կկարողանան ապացուցել ղեկավարության անմեղությունը։

Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան համոզված է, որ «ТВС-բանկի հետ կապված պատմությունը ողջ բիզնեսի վրա ճնշում գործադրելու տպավորություն իր վրա չի թողնում։

«Բանկի ղեկավարության դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, որոնք հիմնված են փաստացի ապացույցների վրա։ Այդ պատճառով էլ տվյալ հարցը պետք է պարզեն հստակ մարմիններ», – ասում է Կոբուլիան։


Կարդալ ավելին JAMnews-ում