Հավանաբար, բոլոր ուսանողները մեկ հարցում համակարծիք են՝ ոչինչ այնքան սարսափազդու չէ, որքան քննությունները հետտոնական օրերին, առավել ևս՝ դրանց պատրաստվելը տոների ողջ ընթացքում: Ամանորյա տոները վայելելու, ֆեյսբուքում գեղեցիկ նկարներ հրապարակելու, անմոռաց պարելու, ընկերների հետ խենթություններ անելու փոխարեն, նրանք անքուն գիշերներ են անցկացնում դասախոսությունների անընթեռնելի ձեռագրերի և դասագրքերի հետ:
Պարզելու համար, թե ինչպես են ուսանողներն այս օրերին քննություններին պատրաստվում և ինչպես են հաղթահարում սթրեսը, հարցում անցկացրինք հայաստանյան բուհերի տարբեր ֆակուլտետների 40 ուսանողի շրջանում: Նրանց տված բազմազան պատասխաններից առանձնացրել ենք 7-ը, որոնք տարբերվում էին իրենց լավատեսությամբ, հումորով կամ գործնական մոտեցումով:
Եվ այսպես, ուսանողները խորհուրդ են տալիս.
Մի լարվեք: Ձեզ բազում քննություններ են սպասվում, բազում տոնական օրեր, որոնք նշելու փոխարեն դուք ձեր ժամերն անցկացնելու եք գրքերի առաջ: Համակերպվեք իրողության հետ: Չէ՞որ դուք եք ընտրել կրթված դառնալու ճանապարհը:
Հաճելի պահեր պարգևեք ինքներդ ձեզ: Պարապելու ընթացքը դադարեցրեք, եթե հոգնել եք, մի տանջեք ձեզ: Ընդմիջումների դուրս եկեք: Օրինակ, կատարեք գնումներ, այցելեք գեղեցկության սրահ, երաժշտություն լսեք, խաղեր խաղացեք, լիցքաթափվեք, մի վերածեք քննությանը պատրաստվելու ընթացքը դժոխքի:
Քաղցրավենիք օգտագործեք: Շոկոլադը, խմորեղենը, մարմելադը երջանկության հորմոններն ավելացնող պատառիկներ են:
Տոնեք բոլոր տոները, մոռացեք քննությունների մասին, գնացեք խմելու: Փաբերում գիշերն անցկացնելը լավագույն տարբերակն է քննությանն անպատրաստ ներկայանալու, «լիկվիդ» ունենալու ու բուհից դուրս մնալու համար:
Կոտրեք սպասքը, դուրս եկեք պատշգամբ ու բարձր ձայնով գոռացեք, պատուհանից դուրս նետեք հագուստը, ապա վերադարձեք գրքերի առաջ ու շարունակեք պարապել՝ կարծես ոչինչ էլ չի պատահել:
Վերանայեք տոհմածառը. գուցե բուհի ռեկտորը, դեկանը կամ դասախոսը ձեր հեռու հեռավոր քեռի՞ն է:
Նժարի վրա դրեք տոները լիարժեք նշելու և լավ կրթություն ստանալու հնարավորությունները: