Վրացական ընդդիմադիր հեռուստաալիքի բաժնետերը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք») ընդդիմադիր հեռուստաալիքի բաժնետեր Գիորգի Ռուրուային մեղավոր է ճանաչել հրազենի ապօրինի ձեռքբերման և կրման համար՝ դատապարտելով քառամյա ազատազրկման։
Այնինչ, Ռուրուայի ազատ արձակումն այս տարվա մարտի 8–ին իշխանության և ընդդիմության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի մի մասն էր։
Հուշագրի առաջին կետը ենթադրում էր անցում նոր ընտրական համակարգի․ 120 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 30–ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Իսկ երկրորդի համաձայն՝ ազատ պետք է արձակվեին քաղբանտարկյալները՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին և Գիորգի Ռուրուան։
Իշխող «Վրացական երազանքը» ժամանակի ընթացքում սկսեց հերքել երկրորդ կետի առկայությունը, քանի որ, նրա պնդմամբ, Վրաստանում քաղբանտարկյալներ չկան։
•Վրաստանը Եվրամիությունից 500 մլն եվրո կստանա, եթե կատարի բոլոր պարտավորությունները
Սակայն Արևմուտքի կոշտ քննադատության արդյունքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհեց Ուգուլավային և Օկրուաշվիլիին։ Ռուրուան ճաղերի հետևում մնաց, իսկ դրա իսկական պատճառը Թբիլիսիում շատերը համարում են այն, որ նա ընդդիմադիր հեռուստաալիքի համասեփականատեր է, բացի այդ, ֆինանսապես օգնել է ընդդիմության ակցիաներին։
Գիորգի Ռուրուան կալանավորվել է 2019 թ–ի նոյեմբերի 18–ին ընդդիմության ցույցը ցրելուց մի քանի ժամ անց։ Նա ապօրինի զենք կրելու մեղադրանքը հերքում է և իր գործը քաղաքականացված համարում։