Վրաստանը 100 տոկոսով կախված է ռուսական ցորենից․ հացը կարող է թանկանալ
Այժմ Ռուսաստանը միակ երկիրն է, որից Վրաստանը ցորեն է գնում։
2020 թ–ի հունվարից հուլիս ընկած հատվածում Վրաստանը Ռուսաստանից 223 հազար տոննա ցորեն է գնել 49 մլն 371 հազար դոլար ընդհանուր գումարով։
Վերջին օրերին համաշխարհային շուկայում, այդ թվում՝ Ռուսաստանում, ցորենի արժեքն աճում է։ Փոթիի նավահանգիստ ներմուծված ռուսական ցորենի մեկ տոննան, որն առաջ արժեր 205 դոլար, այժմ 215 արժե։ Չի բացառվում, որ արտահանման ենթակա ցորենի գինը շարունակի աճել։
Ռուսաստանում ցորենի թանկացումը կարող է հանգեցնել Վրաստանում հացի գնի աճի
Վրաստանում ցորենի բավականաչափ պաշարներ կան, այդ պատճառով էլ գների աճը մինչև հիմա չի զգացվել, ասում է Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանում հացի և ցորենի գինը կաճի այն դեպքում, եթե ռուսական ցորենը ևս 15 դոլարով թանկանա, սակայն այդ դեպքում նույնպես հացի գների աճը «դրամատիկ» չի լինի։
«Բնականաբար, գների աճի համաշխարհային միտումը կանդրադառնա նաև մեզ վրա, սակայն, ելնելով պահուստներից, դա դանդաղ է տեղի ունենում։ Եթե գինը ևս 15 դոլարով չավելանա, ալյուրն ու, հետևաբար, հացը մեզ մոտ չի թանկանա։ Հետագայում որոշակի փոփոխություններ հնարավոր են, բայց ոչ դրամատիկ», — ասում է Սիլագաձեն։
Ռուսաստանը՝ ցորենի գլխավոր և միակ աղբյուր
Ռուսաստանը գլխավոր երկիրն է, որից Վրաստանը ցորեն է ներկրում։ Այդպես է եղել նաև նախորդ տարիներին։ Սակայն, ի տարբերություն 2020 թ–ի, անցյալ տարի ցորեն է գնվել նաև այլ երկրներից։
2019 թ–ին Վրաստան ներկրված ցորենի 87,3 տոկոսը, կամ 430 236 տոննան (90,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ), ռուսական է եղել։
Սակայն անցյալ տարի Վրաստանը 56 248 տոննա ցորեն է գնել նաև Ղազախստանից 13,2 մլն դոլար գումարով։
Ռուսաստանից և Ղազախստանից բացի հացահատիկի խոշոր մատակարարներն են եղել․
ԱՄՆ–ն՝ 6 000 տոննա, 1,1 մլն դոլար;
Իրանը՝ 230 տոննա, 45,5 հազար դոլար;
Թուրքիան՝ 45 տոննա, 24,1 հազար դոլար։
Անցյալ տարի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել էր, որ դեպի Վրաստան արտահանումը խրախուսելու համար Ղազախստանի կառավարությունը պլանավորում էր սուբսիդավորել հացահատկի տեղափոխման արժեքի 50 տոկոսն, ինչը Վրաստանին թույլ կտար Ղազախստանից համեմատաբար հասանելի գնով ցորեն գնել։ Սակայն Ղազախստանում ցորենի վատ բերքի պատճառով այդ համաձայնագիրը չի իրագործվել։
Թե ինչպիսին կլինի ցորենի բերքը Ղազախստանում այս տարի և որքան հացահատիկ կգնի նրանից Վրաստանը, հայտնի կդառնա սեպտեմբերի վերջին, երբ բերքահավաքը Ղազախստանում ակտիվ փուլում լինի։
Վրաստանում ամեն տարի 80-100 հազար տոննա ցորեն են հավաքում, սակայն այն սպառման նույնիսկ 10 տոկոսը չի կազմում։