Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31–ին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի հրաման է ստորագրել հոկտեմբերի 31–ին հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։
«Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք ևս մեկ անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավար լինելը», — հայտարարել է Զուրաբիշվիլին իր հատուկ հայտարարությունում՝ միաժամանակ հիշեցնելով համավարակի փուլում բարդությունների մասին։
•Վրաստանի խորհրդարանն ընտրական համակարգի մասով սահմանադրական փոփոխություններ է հաստատել
Գալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ընտրական նոր համակարգով․ 120 պատգամավոր ընտրվելու է կուսակցական ցուցակներով, 30–ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Ընտրություններում հաղթած կուսակցությունը կառավարություն ձևավորելու համար պետք է ստանա ընտրություններին մասնակցած ընտրողների ոչ պակաս, քան 40 տոկոսի աջակցությունը։