Ադրբեջանում չորս զինծառայող է կալանավորվել Արցախում ռազմական հանցագործությունների համար
Ադրբեջանական բանակի չորս զինծառայող է կալանավորվել արցախյան երկրորդ պատերազմի օրերին գործած ռազմական հանցագործությունների համար։ Նրանցից երկուսը մեղավոր են ճանաչվել հայ զինծառայողների մարմինների պղծման, մյուս երկուսը՝ հայկական գերեզմանների գերեզմանաքարերի ավերման համար։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում իրավաբանական գնահատական է տրվել արցախյան երկրորդ պատերազմի օրերին ադրբեջանական բանակի որոշ զինծառայողների գործողություններին։
«Ռազմական դատախազությունը քրեական գործեր է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 115.2 (կտտանքներ, դաժան և անմարդկային վերաբերմունք) և 245 (գերեզմանի կամ մարմնի պղծում) հոդվածներով։
Ինտենսիվ քննչական-օպերատիվ միջոցառումներ են անցկացվել, որոնց ընթացքում հիմնավորված կասկածներ են առաջացել, որ Ռաշադ Ալիևն ու Գարդաշխան Աբիշովը, որոնք ծառայություն են անցնում Զանգելանի շրջանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում որպես կրտսեր ենթասպա, պղծել են ռազմական գործողությունների ժամանակ սպանված հայ զինծառայողների դիերն, իսկ իրենց գործողությունները նկարահանել սմարթֆոնի տեսախցիկով և տեսանյութը սոցցանցերով ուղարկել այլ անձանց։
Քննչական մարմնի մոտ կասկածների համար հիմքեր են առաջացել այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանի ԶՈւ N զորամասի զինվորներ Արզու Հուսեյնովը և Ումուդ Աղաևն ավերել են հայկական գերեզմանաքարերը Խոջավենդի շրջանի Մեդեթլի գյուղի տարածքում գտնվող գերեզմանոցում, վանդալիզմի ակտեր են կատարել՝ իրենց գործողությունները բջջային հեռախոսով տեսանկարահանելով, որից հետո տեսանյութը սոցցանցերի միջոցով ուղարկել են այլ անձանց։
Դատարանի որոշմամբ՝ Ռ․ Ալիևի, Գ․ Աբիշովի, Ա․ Հուսեյնովի և Ու․ Աղաևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», — ասված է հայտարարությունում։ «Ներկա պահին հետաքննություն է իրականացվում նաև այլ տեսակադրերի առնչությամբ, որոնք տարածվում են սոցցանցերում։ Հանրությունը մանրամասն կիրազեկվի արդյունքների մասին», — նշել է գլխավոր դատախազությունը։