«Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի»․ Պուտինը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սկզբից անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում։
«Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ պարզ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ ամուր է կապված։ Մեր դիրքորոշումը բաց է․ խոսել Ադրբեջանին հինգ պլյուս երկու շրջանների փոխանցման մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ։ Երկարաժամկետ կարգավորումն այն է, որ շահերի բալանս գտնվի, որը ձեռնտու կլինի երկու կողմերին։ Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, սակայն տարածաշրջանային զարգացման համար հնարավորություններ էլ ստեղծվեն», — հայտարարել է Պուտինը։
Արցախ, մարտեր և բանակցություններ։ Լուրեր, տեսանյութեր և լուսանկարներ։ Թարմացվում է
Տեղեկատվական պատերազմ Արցախի շուրջ
Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտն, ըստ Ռուսաստանի նախագահի, սկսվել է էթնիկ բախումներից։ Եվ Խորհրդային Միության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, և հայերը «զենքն են առել ձեռքը»։
Դա հանգեցրել է նրան, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի ևս 7 շրջաններ Հայաստանի վերահսկողության տակ են հայտնվել, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
«Ադրբեջանը խոսում է այն մասին, որ այդ 7 շրջանները ոչ մի կապ չունեն էթնիկ կոնֆլիկտի կամ Հայաստանի հետ։ Դրանք ի սկզբանե ադրբեջանական տարածքներ են։ Եվ Ադրբեջանն ասում է․ մենք իրավունք ունենք վերադարձնելու այդ տարածքներն ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծել»։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հնարավոր է համարել բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցությունը, ինչը պնդում է Ադրբեջանը և ինչը կտրականապես մերժում է հայկական կողմը։