«Սա հսկայական ողբերգություն է, մարդիկ են զոհվում»․ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում իր կարծիքն է արտահայտել հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում լարվածության սրացման վերաբերյալ։ Նա մեկնաբանել է նաև Ռուսաստանի միջամտության հարցը կատարվող իրադարձություններին։
• Ղարաբաղում նոր պատերազմի առաջին «անտունները» ֆուտբոլիստներն են
• Կյանքը ճակատագծում․ ֆոտոռեպորտաժ Ադրբեջանից
• Կարծիք․ ռուսական «միջանցք» Վրաստանի տարածքով․ ինչո՞վ է սպառնում հակամարտության սրացումը Ղարաբաղում
JAMnews-ը ներկայացնում է Պուտինի հարցազրույցի ամբողջական տեքստը․
«Սա ողբերգություն է։ Մենք շատ անհանգստացած ենք։ Քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ բնակվող մարդիկ մեզ համար օտար չեն։ Բավական է ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, բնակվում է մոտ երկու միլիոն ադրբեջանցի և, մեր հաշվարկներով, ավելի քան երկու միլիոն հայ։ Ռուսաստանի հսկայական թվով քաղաքացիներ սերտ ընկերական և անգամ բարեկամական հարաբերություններ ունեն երկու հանրապետությունների հետ։
Իհարկե, սա հսկայական ողբերգություն է, մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ կան երկու կողմից։
Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այս հակամարտությունը կդադարեցվի։ Սակայն եթե այն վերջնական լուծում չստանա, ըստ ամենայնի, դրան դեռ շատ կա, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում, ուզում եմ ևս մեկ անգամ այս մասին ասել, կոչ ենք անում կրակը դադարեցնել։ Եվ սա պետք է անել, որքան հնարավոր է՝ շուտ։
Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակում։ Սակայն, դժբախտաբար, հսկայական մարտական գործողությունները շարունակվում են մինչ այսօր, դրանք վարվում են ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարմանն, ապա մենք միշտ կատարել, կատարում ենք և կատարելու ենք դրանք։
Ինչպես գիտեք, ես մշտական աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, և Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակը Հայաստանի ղեկավարության մոտ ոչ մի հարց չի առաջացնում»։