Կյանքը ճակատագծում։ Ֆոտոռեպորտաժ Ադրբեջանից
Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանի Տերտերի շրջանում ինտենսիվ հրետակոծություն է սկսվել։ Կան զոհեր և վիրավորներ, շատերը ստիպված են լքել իրենց տները։ «Կավկազսկի ուզել» պարբերականի լրագրողները եղել են ճակատամերձ գոտում։
Ինչպես նշում են տեղացիներն, իրենք արդեն գրեթե 30 տարի է՝ պատերազմական պայմաններում են ապրում, սակայն այսպիսի հզոր հրետակոծություն դեռ չէր եղել։ Նրանք ասում են, որ հոգնել են ապրել տագնապի և վախի մեջ և հույս ունեն, որ դիմակայությունը շուտով կավարտվի։
Սեպտեմբերի 27-ից շարունակվում են մասշտաբային ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախզության տեղեկությունների՝ հայկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ։
Այժմ Տերտեր քաղաքում և հարակից գյուղերում մնալը վտանգավոր է, տղամարդիկ տարհանում են իրենց ընտանիքներն այլ շրջաններ, որտեղ ազգականներ ունեն։
Տերտերի շրջանի Ալեսքերլի գյուղի 63-ամյա բնակիչ Քամիլ Գուլիևը գիշերում է հարևան շրջանի շրջկենտրոն Բարդա քաղաքի՝ որպես ապաստարան ձևափոխված չայխանայում։
Ցերեկը տղամարդը գնում է իր գյուղ՝ անասուններին կերակրելու և հավերին բաց թողնելու, սակայն երկար չի մնում․ գիշերները կրակոցներն ավելի ինտենսիվ են դառնում։