ՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվի
Բազմազավակ ընտանիքների բնակարանային ծրագիր ՀՀ-ում
Հայաստանի կառավարությունը բնակարանային աջակցության ծրագիր կիրականացնի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար։ Այն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությունն է։
ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։
«Ծրագիրն այդ ընտանիքներին հնարավորություն կտա 100 տոկոս սուբսիդավորմամբ՝ պետության աջակցությամբ ՀՀ որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն»,- հայտնել է նա։
Ասում է՝ Երևանում գույքի ձեռքբերման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ։ Նախարարությունն առաջնորդվում է տարածքային համաչափ զարգացման սկզբունքով։
Մանրամասները՝ ստորև
- Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետևանքով խուլ մարդիկ ՀՀ-ում չեն կարողանում կրթություն ստանալ
- «Ընտանիք-կարիերա» հավասարակշռություն կանանց համար․ ընտանիքամետ պայմաններ աշխատավայրում
- «Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
Պոտենցիալ շահառուների մասին
ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք, որոնցից՝
- 390-ն ունի 6 անչափահաս երեխա,
- 143-ը՝ 7,
- 76-ը՝ 8,
- 26-ը՝ 9,
- 5-ը՝ 10,
- 2-ը՝ 11,
- և ընդամենը 1 ընտանիք՝ 12 անչափահաս երեխա։
Նվազեցնելով աղքատացման ռիսկը
ԱՍՀ նախարարության ներկայացուցիչն ասում է՝ ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը․
«Մինչ օրս բազմազավակ ընտանիքների համար նման ծրագիր չի իրականացվել, ինչը մեծ բաց է։ Վստահ եմ՝ այս ծրագիրն այդ բացը կյրացնի»։
Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ աջակցության նոր ծրագիրը հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։
«Ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- արձանագրել է նա։
Շուրջ 17 հազար ընտանիք է օգտվել 2020 թ․-ից գործող մեկ այլ ծրագրից
ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հիշեցրել է, որ դեռևս 2020 թ․-ից երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակլով պետությունն իրակացնում է մեկ այլ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։
Այս ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, որոնք ուզում են ՀՀ մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։
Շահառու կարող են դառնալ նաև միայնակ մայրերը, եթե բավարարում են ծրագրի բոլոր պահանջներին։ Պարտադիր պայման է, որ և՛ երեխան, և՛ մայրը լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝
- կանխավճարի ֆինանսավորում կամ հիփոթեքային վարկի մայր գումարի մարում,
- կանխավճարի ապահովագրություն,
- վարկի մայր գումարի մարում՝ պայմանավորված երեխայի ծննդով (պետք է դիմել մինչև երեխայի 1 տարեկան դառնալը):
Տրամադրվող դրամական աջակցության չափը տարբեր է՝ կախված երեխաների քանակից, ինչպես նաև բնակավայրի սահմանամերձ լինել-չլինելուց։
«Մենք ունենք շահառու, որը ծրագրից օգտվել է արդեն չորս անգամ։ Սա վկայում է, որ ծրագիրն իսկապես պահանջված է, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի»,- նկատել է Ղարագյոզյանը։
Ծրագիրը դեռևս ուժի մեջ է, գործելու է մինչև այս տարվա ավարտը։ 2026 թ․-ի պետբյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բազմազավակ ընտանիքների բնակարանային ծրագիր ՀՀ-ում