Կորոնավիրուսով վարակվածների թվի նոր հակառեկորդ Հայաստանում
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք։ Սա բացարձակ հակառեկորդ է փոքր երկրի համար։
Երկրում, որի բնակինչների թիվը երեք միլիոնի չի հասնում, 58 624 վարակված կա։ Նրանցից 46 713-ն ապաքինվել է, 10 561-ը շարունակում է բուժվել, 1039 մարդու կյանք փրկել չի հաջողվել։ Մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը Հայաստանում գործում էր արտակարգ դրության ռեժիմ։ Այն փոխարինվեց կարանտինով, որը կտևի մինչև 2021 թ-ի հունվարի 11-ը։ Կարանտինի հիմնական պահանջը դիմակներ կրելն է։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռ մեկ շաբաթ առաջ, երբ թվերն այսքան կրիտիկական չէին, արդեն զգուշացնում էր, որ, եթե այս միտումը պահպանվի, «մեր առողջապահական համակարգի համար լուրջ խնդիրներ կառաջանան»։
Հոկտեմբերի 14-ին կրթության նախարարությունը որոշել է ժամանակից շուտ դպրոցական արձակուրդ հայտարարել՝ վարակի էլ ավելի տարածումից խուսափելու համար։
•Հայաստանում ԱԴ ռեժիմը կփոխարինվի կարանտինով։ Ո՞րն է տարերությունը և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ
•Արվեստ և կորոնավիրուս։ Դեպրեսիվ ժամանակների լավատեսական պատմություններ
Դպրոցական արձակուրդ
Երկշաբաթյա աշնանային արձակուրդը հանրակրթական դպրոցներում պետք է սկսվեր նոյեմբերի 2-ին։ Սակայն, նախարարության որոշման համաձայն, երեխաներն արձակուրդ կգնան արդեն հոկտեմբերի 15-ին։
«Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը», — գրել է նախարարը Facebook-յան իր էջում։
Կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը։
Քոլեջները և բուհերը կանցնեն հեռավար կրթության:
Փոխվարչապետ․ «Զգոն եղեք»
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռևս հոկտեմբերի 7-ին կոչ է արել Հայաստանի բնակիչներին չկորցնել զգոնությունը, քանի որ վարակը շարունակում է ակտիվորեն տարածվել։
«Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը», — գրել է Ավինյանը Facebook-ում։
Փոխվարչապետը նախազգուշացրել է նաև, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ առողջապահական համակարգում․
«Ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման»։