Հայաստանի նախկին ոստիկանապետը սպառնացել է լրագրողներին կվադրոցիկլով վրաերթի ենթարկել
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել օգոստոսի ութին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նա խոչընդոտել է Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի աշխատանքը, որը ռեպորտաժ էր պատրաստում Սևանա լճի ափին տեղակայված ապօրինի առանձնատների և կառուցների մասին։
Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է քվադրոցիկլով վրաերթի ենթարկել նրանց, «սատկացնել», «գյուլլել» և պահանջել է չնկարահանել իր առանձնատունը։
Ըստ Քրեական օրենսգրքի 164–րդ հոդվածի՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը», որն ուղեկցվել է բռնության կիրառմամբ կամ սպառնալիքով, 3-7 տարվա ազատազրկում է նախատեսում։
• Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Ադրբեջանի մեղքը հայ զինվորականի սպանության գործով
• Մահերի պատճառները հայկական բանակում և այդ գործերի հետաքննությունը
• Տաբուն հաղթահարված է․ Հայաստանում բացահայտ քննարկում են սեռական բռնության դեպքերը
Մեդիակազմակերպությունների հայտարարությունը
Հայաստանի տասը լրագրողական կազմակերպություն համատեղ հայտարարությամբ է հանդես եկել և իրավապահ մարմիններից պահանջել ողջ լրջությամբ հետաքննել միջադեպն ու պատասխանատվության ենթարկել նախկին ոստիկանապետին։
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները հիշեցնում են, որ «Վլադիմիր Գասպարյանը իր պաշտոնավարման տարիներին էլ է աչքի ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ»։
Մասնավորապես, խոսքը գնում է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի շարժման օրերին տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերի, ինչպես նաև 2016-ի Սարի թաղում ոստիկանների կողմից կիրառված ուժի մասին։ Այստեղ ոստիկանները Վլադիմիր Գասպարյանի հրամանով բռնություն էին կիրառել ավելի քան 40 լրագրողների և օպերատորների նկատմամբ, խլել և կոտրել լուսանկարչական ապարատներ և տեսախցիկներ։
«Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ», – ասված է հայտարարությունում։
«Մենք սարսափած ենք այդ գրոհից»
«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի նախագահ Դեյզի Սինդելարը միջադեպի առնչությամբ հայտարարել է․
«Մենք սարսափած ենք հայկական ծառայության լրագրողների վրա նախկին ոստիկանապետի կողմից իրականացված գրոհից․․․ Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմա, երբ պարոն Գասպարյանը մեքենայով [կվադրոցիկլով] գրեթե վրաերթի է ենթարկել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց ջնջել կադրերը»։