Հայաստանի հիվանդանոցներում այլևս տեղ չկա. կորոնավիրուսով վարաված մարդ է մահացել է, որին չեն կարողացել հոսպիտալացնել
Պարետատան հերթական նիստից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն նոր վարակվածների ընդունել: 200 հիվանդ, որոնց հարկավոր է բժշկական օգնություն, սպասում են իրենց հերթին: Դրա հետ մեկտեղ վարակվածների աճը առայժմ շարունակվում է և գերազանցում ապաքինվածների թիվը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև մի դեպքի մասին, երբ մարդը մահացել է, քանի որ չի հաջողվել նրան ժամանակին հոսպիտալացնել:
«Ուշացման պատճառը երկակի է: Հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին: Եվ տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, և ռեակցիան էլ եղել է ուշացումով»:
Եվս երկուսը մահացել են, քանի որ նրանց հարկավոր է եղել ինտենսիվ շտապ օգնություն, բայց նրանց չեն կարողացել օգնություն ցուցաբերել, քանի որ վերակենդանացման բաժանմունքները նույնպես ամբողջությամբ ծանրաբեռնված են:
Վարչապետի խոսքերով՝ երկիրը հասել է կրիտիկական վիճակի․
«Եվ մենք արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով: Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր, տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, և մեզնից յուրաքանչյուրը առաջնորդվի այն կանխավարկածով, որ ահա այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող են մահանալ ինքը, իր հարազատը»:
Հունիսի 6-ի առավոտյան հաղորդվեց վարակի 547 նոր դեպքի և 7 մարդու մահվան մասին: Վարակվածների ընդհանուր թիվը12 364 է: Ընդհանուր առմամբ չի հաջողվել փրկել 190 մարդու: Նախորդ օրը ապաքինվել է 207 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը 3 720 է:
Փաշինյանի խոսքով՝ պարետատունը քննարկել է խիստ սահմանափակումներ մտցնելու հարցը, սակայն դեռևս հրաժարվել է այդ գաղափարից:
«Քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքի, և դա ցանկալի որոշում չէ, ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, և վերջին օրերի իրականության մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»:
Հայաստանում արտակարգ դրություն է մտցվել մարտի 16-ին և երկու անգամ երկարացվել է: Վերջին անգամ՝ մինչև հունիսի 13-ը: Սակայն մայիսի 5-ից հանվել է մարդկանց տեղաշարժման սահմանափակումը, մայիսի 18-ից աշխատում են համարյա բոլոր ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտը և նույնիսկ մանկապարտեզները: