Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 38 դեպք է հաստատվել
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք է հայտնաբերվել։ Սա ռեկորդային թիվ է Վրաստանի համար։ Սրանից առաջ ամենաբարձր օրական ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 16–ին, երբ 24 ժամում վարակման 34 դեպք էր հայտնաբերվել։
Համաճարակաբանների գնահատականով՝ իրավիճակը տագնապալի չէ, և կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը երկրում խիստ կարանտինային միջոցառումներ կիրառելու համար հիմք չէ։
Ըստ վարչապետի՝ ուսումնական տարվա սկիզբը չի հետաձգվելու, և դպրոցներում ու բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 15–ին, ինչպես պլանավորված էր։
«Դոնայի» դեպքերը Բաթումում
Կորոնավիրուսով վարակման 38 դեպքերից 26–ը հայտնաբերվել է Բաթումում։ Դրանցից 23–ը կապված են «Դոնա» հրուշակարան–սրճարանի հետ։ COVID-19 է հայտնաբերվել «Դոնայի» երկու մասնաճյուղերում էլ։ Բոլոր 23 վարակվածները սրճարանի աշխատակիցներն են։ Թե արդյոք վարակը «Դոնայի» սահմաններից դուրս է եկել, դեռ պարզ չէ։
Ի տարբերություն Սվանեթիի, որտեղ օգոստոսի 10–ին Լենջերի գյուղում կորոնավիրուսի 16 դեպք հայտնաբերվելուց հետո կարանտին էր հաստատվել Լենջերիում և Մեստիայում, Բաթումը փակել չի պլանավորվում․ այսօր վարչապետ Գիորգի Գախարիան հրապարակավ հայտարարեց, որ Բաթումում կարանտինային սահմանափակումներ չեն կիրառվելու։
«Այսօր Բաթումում է կենտրոնացած մեր հանգստացող քաղաքացիների զգալի մասը, և այստեղ պետք է ուշադրությունը կենտրոնացնել և ուժեղացնել թեստավորումը բուլվարում և տարբեր կետերում», – հայտարարել է Գախարիան։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի որոշմամբ՝ Բաթումում ընդլայնված թեստավորում է կատարվում։
Աջարիայի ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս բոլոր այն քաղաքացիներին թեստավորում անցնել, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են «Դոնա» սրճարան կամ այնտեղ այցելած անձանց հետ շփվել են։
Բաթումում կորոնավիրուսի անվճար թեստ կարելի է անել հատուկ վրաններում, որոնք տեղադրված են բուլվարի տարածքում։
«Բաթումում երեք լաբորատորիա է աշխատում, և օրական կարելի է 1600-1800 թեստ անել։ Անհրաժեշտության դեպքում կմիանան նաև Իմերեթի և Սամեգրելո շրջանների համապատասխան ծառայությունները», — հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ըստ Գամկրելիձեի՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը կանխատեսելի է, քանի որ ամռանն աճել է ներքին զբոսաշրջությունը։
Նրա խոսքով՝ նոր դեպքերի այս քանակը մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար։
«Ըստ էության, սա կանխատեսելի էր այն առումով, որ երկրում աճել է մոբիլությունը։ Ամռանը ներքին զբոսաշրջությունը լրջորեն աճել է։ Լինի 38 դեպք, 25, 30, թե 50, դա մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար։ Իրավիճակը վերահսկելի է և կառավարելի», — հայտարարել է Գամկրելիձեն։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկություններով՝ այս պահին Վրաստանում PCR թեստ է արել 386 հազար մարդ։
Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է, որպեսզի Բաթումից վարակը չտարածվի այն քաղաքների վրա, ուր վերադառնալու են հանգստացողները։ Այդ պատճառով էլ Գախարիան քաղաքապետներին կոչ է արել խստորեն վերահսկել հանրային տրանսպորտում, առևտրի և սննդի կետերում դիմակ կրելը։
Սեպտեմբերի 2–ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 1548–ի, ապաքինվել է 1270 մարդ, մահացել՝ 19 մարդ։ Կարանտինի մեջ է 6059 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 239 մարդ։