Բաքվում բացվել են վարսավիրանոցները, իսկ շրջաններում կարելի է առանց թույլտվության տնից դուրս գալ
Ապրիլի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմացվել է կարանտինային ռեժիմը։
Հիմնականում դա վերաբերում է շրջաններին․ այստեղ բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիներն, իսկ գլխավորը՝ հանվել է տեղաշարժի սահմանափակումը։ Այսինքն՝ մարդիկ այլևս չպետք է իշխանություններից sms-թույլտվություն ստանան տնից դուրս գալու համար։
Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումներն ուժի մեջ են մնացել, սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են, փոխարենը բացվել են վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, պետական հաստատությունների աշխատակիցների մի մասն աշխատանքի է վերադարձել։
Փողոց դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ sms-թույլտվություն ստանալ օրական երեք ժամ դրսում լինելու համար։
- Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ․ ի՞նչն այն չէ։ Կարծիք
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
- Ի՞նչ է նշանակում կորոնավիրուս ընկնել։ Պատմում են նրանք, ովքեր վարակվել և բուժվել են
Ուժի մեջ է մնում նաև Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Ապշերոնի թերակղզու ելքի և մուտքի արգելքը։
Ավելի վաղ՝ ապրիլի 27–ին, ողջ երկրում բացվել էին բոլոր խանութները (բացառությամբ առևտրի կենտրոններում տեղակայվածներից), ինչպես նաև՝ կարուձևի սրահներն ու ֆոտոստուդիաները։
Կարանտինային ռեժիմը տևելու է մինչև մայիսի 31–ը։
Ըստ մայիսի 4–ի առավոտվա վիճակագրության՝ ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 932 դեպք։ 25 մարդ է մահացել, 1 441–ն ապաքինվել է։
Թե երբ է վերագործարկվելու մետրոպոլիտենը, դեռ հայտնի չէ։ Սակայն իշխանություններն արդեն հաղորդել են, որ մետրոյում անպայման պետք է դիմակներ կրել։
Վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները բացելիս իշխանությունները կանոններ են սահմանել, որոնցով այժմ դրանք պետք է աշխատեն։ Մասնավորապես, դա առցանց հերթագրման համակարգի ներդրումն է, դիմակներ ու ձեռնոցներ կրելը։ Մնացած հարցերում «նոր» կանոնները քիչ բանով են տարբերվում հիգիենայի ստանդարտ պահանջներից, որոնք, ըստ էության, պետք է պահպանվեին նաև նախկինում, օրինակ՝ ձեռքերը լվանալն ու գործիքների վարակազերծումը։
Նույնը վերաբերում է նաև հանրային սննդի կետերին․ չհաշված պարտադիր դիմակ կրելը, նրանցից պահանջվում է հիգիենայի տարրական պահպանում։
Դատելով սոցցանցերից՝ Բաքվի բնակիչներն ամենաշատը սպասում էին հենց վարսավիրանոցների բացմանը։ Ոմանք արդեն հասցրել են գնալ մազ կտրել և կիսվել տպավորություններով։ Ասում են, որ տղամարդկանց սրահներում հերթեր են, դիմակներ չեն կրում, հեռավորություն չի պահպանվում, սակայն հաճախորդներին ոչինչ չի հուզում, և ոչ ոք չի ուզում իր վարպետին վատ դրության մեջ գցել։
Եվ, թեև պաշտոնապես կարանտինը Բաքվում և հարակից բնակավայրերում բավականին խիստ է, իրականում փողոցներում մարդիկ լիքն են։ Իսկ ծայրամասերում կյանքը կարանտինի մեջ ընդհանրապես գրեթե չի փոխվել։