Բաքվում կբացվեն սրճարանները, ռեստորանները և այգիները, հնարավոր կլինի դուրս գալ փողոց առանց sms-թույլտվության
Մայիսի 18-ից Ադրբեջանում կհանվեն կարանտինային շատ սահմանափակումներ:
Բաքվում և ևս մի քանի խոշոր քաղաքներում.
- կբացվեն սրճարանները և ռեստորանները, բայց առայժմ նրանք կաշխատեն միայն մինչև 18:00-ն,
- կբացվեն այգիները և հրապարակները,
- կհանվի քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումը. փողոց դուրս գալու համար այլևս կարիք չի լինի աշխատանքի վայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն իշխանություններից:
Երկրի մյուս շրջաններում այդ բոլոր արգելքները հանվել էին դեռևս մայիսի 4-ին:
Դրա հետ մեկտեղ ողջ երկրում.
- կբացվեն թանգարանները և ցուցասրահները,
- 65 տարեկանից բարձր մարդիկ նորից կկարողանան տանից դուրս գալ:
Առաջվա նման փակ են մնում սահմանները, արգելվում է մուտքը Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Լենքորան և Աբշերոնյան թերակղզի, արգելված են հարսանիքները, հոգեհացերը, մշակութային և ժամանցային միջոցառումները, փակ են սպորտային սրահները և առևտրի կենտրոնները:
Վերջին շրջանում Ադրբեջանում նկատվում է վարակի տարածման բարձր վիճակագրություն: Մայիսի 15-ին հաստատել է 101 նոր դեպք, և ևս մեկ մարդ մահացել է: Ապաքինվել է 53 մարդ:
Այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակի ընդհանուր թիվը կազմում է 2980 մարդ, որոնցից 36-ը մահացել են, իսկ 1886-ը առողջացել են:
Վարակումների կեսից ավելին տեղի է ունեցել Բաքվում: