Կավասակիի համախտանիշի առաջին դեպքն է Հայաստանում գրանցվել կորոնավիրուսով վարակված քառամյա երեխայի մոտ
Հայաստանում գրանցվել է Կավասակիի համախտանիշի առաջին դեպքը քառամյա երեխայի մոտ։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր առողջապահության նախարար Արսեն Թոերոսյանը, հիվանդությունը հայտնաբերվել է երեխայի մոտ, որն անախտանիշ կորոնավիրուս է տարել։
Կավասակիի համախտանիշը ողջ մարմնի արյունատար անոթների պատերի բորբոքումն է։ Սովորաբար ի հայտ է գալիս մինչև 8 տարեկան երեխաների մոտ։ Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող են սրտի հետ խնդիրներ առաջանալ։ Սակայն ժամանակին ստացած բուժման պարագայում գրեթե բոլոր երեխաներն ապաքինվում են։
Նախարարը գրել էր, որ վերջին ժամանակներս տարբեր երկրներում երեխաների մոտ դիտվում է Կավասակիի համախտանիշի դեպքերի աճ։ Համախտանիշի առաջացման պատճառը դեռևս մինչև վերջ պարզված չէ, սակայն գիտնականներն այն կապում են կորոնավիրուսի հետ։
Երեխայի վիճակը, որի մոտ Կավասակիի համախտանիշ է ախտորոշվել, բժիշկները գնահատում են որպես միջին ծանրության։
«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը՝ մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի», — հայտարարել է Արսեն Թորոսյանը։
Հայաստանի նախարարը պարբերաբար փոխանցում է երեխաների և հղիների մոտ կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկություններ։ Ավելի վաղ նա արդեն խոսել էր երեխաների մոտ նման հիվանդության առկայության հնարավորության մասին․
«Թեև երեխաները թեթև են տանում կորոնավիրուսը, մենք չենք ուզում նրանց լրացուցիչ վտանգի ենթարկել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։