Իշխող «Վրացական երազանքն» ու կառավարության աշխատակազմը հերքում են վարչապետի հրաժարականի մասին լուրերը
Ըստ «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մոտ ժամանակներս լքելու է իր զբաղեցրած պաշտոնը։ Խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարության աշխատակազմը հերքում է այդ տեղեկությունը։
Ըստ հեռուստաընկերության՝ Գախարիայի հրաժարականն է պահանջել «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 1–ին կայացած հանդիպմանը և մերժում ստացել։
Հեռուստաընկերությունը պնդում է, որ «Գախարիային մինչև հունիսի 20–ն՝ այսպես կոչված «գավրիլովյան գիշերվա» տարելիցին, պաշտոնանկ անելու որոշումը վերջնական է», և դա տեղի է ունենալու մոտ օրերս։
Կառավարության աշխատակազմում այդ առթիվ հայտարարել են, որ «վարչապետն իր աշխատավայրում է, հանդիպումներ է անցկացնում» և հրաժարականի մասին չի մտածում։ Վարչապետի հրաժարականի մասին լուրերը հերքել է նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
«Դա սովորական ապատեղեկատվություն է, որը տարածվում է թեման զարգացնելու համար։ Ընդդիմությունը վերջերս ինչ–որ բաներ է հորինում, զարգացնում լրատվամիջոցների միջոցով, իսկ հետո մենք լսում ենք նրա նյարդային մեկնաբանություններն այդ առթիվ», — հայտարարել է Մդինարաձեն։
Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է նշանակվել 2019 թ–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Հենց ՆԳ նախարար լինելու ժամանակահատվածում 2019 թ–ի հունիսի 20–ին է տեղի ունեցել այսպես կոչված «գավրիլովյան գիշերը», երբ Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի մասշտաբային ակցիա տեղի ունեցավ․ պատճառը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցն էր Վրաստան և երկրի խորհրդարանում խոսնակի աթոռին ելույթ ունենալը միջազգային համաժողովի շրջանակում։
Ընդդիմադիր ելույթը ճնշվել էր հատուկջոկատայինների և ոստիկանական ուժերով։ Բախումների ընթացքում տուժել էր ավելի քան 200 մարդ։ Մի քանի մարդ կորցրել էր աչքը ռետինե փամփուշտների պատճառով, ակցիայի մի քանի մասնակից վիրավորվել էր։
Տուժածների թվում մոտ 40 լրագրող և 80 ոստիկան կար։ Ակտիվիստները և ընդդիմությունն ակցիան ցրելու համար պատասխանատվությունը դրել էին ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի վրա և սկսել պահանջել նրա անհապաղ հրաժարականը։ Սակայն, Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ, 2019 թ–ի սեպտեմբերին Գախարիան վարչապետ էր նշանակվել։