Եվրամիությունը Հայաստանն ու Ադրբեջանը ներառել է Covid-անվտանգ երկրների ցանկում, Վրաստանը՝ ոչ
Եվրամիությունը Հայաստանն ու Ադրբեջանը ներառել է Covid-ից պաշտպանված երկրների ցանկում։ Վրաստանն այդ ցուցակում չկա։ Հայաստանից և Ադրբեջանից բացի՝ ցուցակում ներառվել է ևս ինը երկիր։
Եվրամիության Խորհրդի որոշման համաձայն՝ հետևյալ երկրները Եվրամիության և Շենգենյան գոտու երկրների անսահմանափակ մուտքի իրավունք կստանան՝ այս շաբաթվա վերջից սկսած․
- Հայաստան
- Ադրբեջան
- Բոսնիա և Հերցեգովինա
- Բրունեյ
- Կանադա
- Հորդանան
- Կոսովո
- Մոլդովա
- Չեռնոգորիա
- Կատար
- Սաուդյան Արաբիա
Այս ցանկում ներառված 11 երկրներում վերջերս գրանցվել է կորոնավիրուսով վարակման ոչ մեծ քանակ․ վերջին 24 ժամում հաստատվել է 38 նոր դեպք Արբեջանում, չորսը՝ Կոսովոյում, և մեկը՝ Բրունեյում։
ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում աստիճանաբար չեղարկել անվտանգ երկրների ցանկում ներառված երկրների նկատմամբ սահմանափակումները։
Խորհուրդը համաճարակային առումով անվտանգ երկրների ցանկը թարմացնում է երկու շաբաթը մեկ։ Վրաստանն այդ ցանկում եղել է մեկ անգամ՝ 2020 թ-ի հունիսի 30-ին։ Սակայն մի քանի ամիս անց՝ 2020 թ-ի հոկտեմբերին, համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով կրկին հանվել է ցուցակից։
- Վրաստանում վարակման արագ աճը կարող է կապված լինել Delta շտամի տարածման հետ
- Վրաստանում բնակչության մեծ մասը չի ուզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել․ NDI հարցում
Թեև Վրաստանում չեղարկվել է պարետային ժամն ու մեղմացվել են սահմանափակումները, համաճարակային իրավիճակը դեռևս բարդ է։
Վերջին յոթ օրվա տվյալներով՝ Վրաստանը մեկ միլիոն բնակչության հաշվարկով մահացության ցուցանիշով 17-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, պատվաստման ցուցանիշով՝ 147-րդը։
Միայն 16 երկիր մահացության ավելի բարձր մակարդակ ունեն, քան Վրաստանը՝ Պարագվայը, Նամիբիան, Սեյշելյան կղզիները, Կոլումբիան, Արգենտինան, Սուրինամը, Ուրուգվայը, Տրինիդադ և Տոբագոն, Թունիսը, Օմանը, Բրազիլիան, Չիլին, Բոլիվիան, Պերուն, Ռուսաստանն ու Մոնղոլիան։
Մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակման նոր դեպքերի թվով Վրաստանն աշխարհում 27-րդ տեղն է զբաղեցնում։
Այս պահին Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է 103 170 մարդ, ինչը կազմում է բնակչության ընդամենը 2,6 տոկոսը։
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 980 նոր դեպք, 11 մարդ մահացել է։