Վրաստանում վարակման արագ աճը կարող է կապված լինել կորոնավիրուսի Delta տեսակի հետ
Կորոնավիրուսի տարածման արագության և մահացության թվի աճը կարող է կապված լինել այսպես կոչված «հնդկական շտամի» հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Նրա խոսքով՝ Վրաստանում այսպես կոչված «հնդկական շտամի» տարածվածությունը տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում։
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ավելի վաղ հայտարարել էր այսպես կոչված «դելտա» հնդկական շտամի տարածման մասին։ Վերջերս հաստատվել է ևս 7 դեպք, ինչը վկայում է երկրում այդ շտամի շրջանառության մասին։ Այս տեսակի ենթադրյալ հաճախականությունը կազմում է 10-20%։ Հնարավոր է նաև, որ դեպքերի արագ տարածումն ու համեմատաբար ծանր ընթացքը, որը կապված է բարձր մահացության հետ, կարող են կապ ունենալ Delta շտամի տարածման հետ»,- ասել է Գաբունիան։
Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ է մահացել։
Պատվաստման մեկնարկից ի վեր երկրում 257 974 պատվաստում է իրականացվել, վերջին մեկ օրում՝ 2 777։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով, հունիսի 29-ի դրությամբ՝ 96 975 մարդ է ամբողջությամբ պատվաստվել։ Հունիսի 27-ի դրությամբ՝ լիովին պատվաստվել է Վրաստանի բնակչության 2,4%-ը։
Հունիսի 28-ի դրությամբ՝ օրական դրական ցուցանիշը (դրական արդյունքների մասնաբաժինն անցկացված թեստերում) կազմում է 4,02%, վերջին 14 օրում՝ 2,5%, իսկ 7 օրում՝ 2,45%։
Երկրում կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 365 068 է։