Արցախի Բերձոր քաղաքը հայկական կմնա․ բնակիչների տարհանումը դադարեցված է
Վերջին մի քանի օրերին Արցախի Բերձոր քաղաքում խուճապ էր։ Ոչ տեղի իշխանությունները, ոչ բնակիչները չգիտեին՝ կարո՞ղ են մնալ քաղաքում, թե՞, այնուամենայնիվ, պետք է լքեն այն՝ ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ համաձայնագրի։ Վերջնական պատասխանը բոլորը ստացան միայն նոյեմբերի 27-ին, բնակիչների տարհանումը դադարեցված է։
Սկզբում հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին տեղի բնակիչների հայտարարություններն այն մասին, որ իրենց զգուշացրել են գույքը հավաքելու և քաղաքը լքելու մասին, քանի որ այն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Քաշաթաղի շրջանը Հայաստանը պետք է փոխանցի ադրբեջանական կողմին դեկտեմբերի 1-ին։ Սակայն նշվում է, որ հայկական կողմին կմնա Լաչինի միջանցքը, որը կապահովի Հայաստանի հետ Արցախի կապը։
Բերձորցիները մտահոգվում էին, որ ստիպված են լինելու լքել իրենց տները՝ չհասցնելով հավաքվել և վերցնել անհրաժեշտ իրերը։
Շուտով Քաշաթաղի շրջանի կայքէջում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ բնակիչներից ոչ ոք չպետք է լքի քաղաքը մինչև նոյեմբերի 30-ը։ Սակայն շուտով այն հեռացվեց, ինչն ավելի խճճեց մարդկանց։
Այնուհետև Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը Բերձորի բնակիչներին հորդորեց հավաքել գույքն ու լքել քաղաքը․
«Ես հրահանգել եմ, քանի որ հարավային հատվածում մենք վատ փորձ ունենք։ Մարդիկ կտարհանվեն։ Երբ ամեն ինչ պարզվի, հնարավորություն լինի, նրանք կվերադառնան»։
Իսկ նոյեմբերի 27-ին Քաշաթաղի Բերձոր, Աղավնո-Սուս համայնքների բնակիչների տարհանումը կանգնեցվեց։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը հաղորդեց, որ այդ բնակավայրերը հայկական կմնան։
«Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում», — հայտարարեց Ալավերդյանը։