«Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտային խոսույթներ»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն ու դեռևս լուծման ենթակա խնդիրներին։
Դրանց շարքում վարչապետը մատնանշել է մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, ականազերծման աշխատանքները, Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձը։
Շեշտել է՝ վերոնշյալ հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնա ենկան մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։
«Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին»,- հայտարարել է նա։
Այդ կերպ վարչապետ Փաշինյանն, ըստ էության, արձագանքել է Գանձասարն ու Դադիվանքը «աղվանական մշակութային ժառանագության» մաս ներկայացնելու Բաքվի փորձերին և այդ ֆոնին ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությանը։
Վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի «խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը»։
Ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև մի շարք թեմաների, այդ թվում՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացմանը, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններին, հայ-թուրքական կարգավորմանը։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հավակնոտ նպատակին»․ Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար
- «Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»․ Փաշինյան
- «Բաքվում պահվող բոլոր հայերը կյանքի սպառնալիքի ներքո են»․ հայ իրավապաշտպան
«Երևանի և Բաքվի օրակարգի խոշոր թեման խաղաղության համաձայնագրի ստորագրումն է»
Հայաստանի վարչապետը նկատել է՝ արդեն 2,5 տարի է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան՝ դա որակելով «մեծագույն արժեք, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ»․
«Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»։
Կարծում է՝ Երևանի և Բաքվի խնդիրն այդ ժողովրդական փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելն է՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա։
Փաշինյանը հիշեցրել է՝ երկու երկրներն արդեն իսկ համաձայնեցրել են վերոնշյալ սկզբունքներն ու 2025 թ․-ի օգոստոսի 8-ին նախաստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ»,- շեշտել է նա։
«TRIPP-ի իրագործումը մեծ օգուտներ է խոստանում տարածաշրջանի բոլոր երկրներին»
Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի համար։ Այդ հնարավորություններից առանձնացրել է, մասնավորապես՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծն ու հավելել՝ դրա իրագործումը «շոշափելի քայլերով իրականություն է դառնում»։
Վարչապետի բնորոշմամբ՝ նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար։
«Վաղ 90–ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ»։
Ընդգծել է՝ Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և հիմա ՀՀ-ն Վրաստանի տարածքով երկաթուղային ունի Ադրբեջանի հետ, սակայն TRIPP նախագծի իրագործումը կստեղծի Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ․
«Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն»։
Տեղեկացրել է՝ հայկական կողմը սպասում է նաև Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը, ինչը TRIPP նախագծի հետ միասին կարող է դառնալ միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը, բացել «շրջադարձային» հնարավորություններ։
«Այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև»,- նկատել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի (Նախջևանի Ինքնավար Հանրապետության) միջև երկաթուղային կապի վերականգնումը ստեղծում է նաև երկաթուղային հաղորդակցություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև․
«Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Բացի այդ, ըստ Փաշինյանի՝ TRIPP նախագծի շրջանակներում խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ճանապարհների կառուցումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլև ողջ Հարավային Կովկասը դառնա «Խաղաղության խաչմերուկ»։
«Պետության զավթման պլան էին մշակել»․ ընտրությունների մասին
Փաշինյանի գնահատմամբ՝ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել առանձնահատուկ, մասնավորապես՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում․
«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը»։
Շեշտել է՝ պետության զավթումը հնարավոր է եղել կանխել Հայաստանի պետական ինստիտուտների ցուցաբերած բարձր դիմակայունության շնորհիվ։ Վարչապետի համոզմամբ՝ դա, իր հերթին, վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է։
«Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,- հայտարարել է նա։
«ԵՄ հետ հարաբերությունները նոր որակի են, ՌԴ հետ՝ տրանսֆորմացիայի փուլում»
Խոսելով Հայաստանի վարած հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ են հաստատվել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ։
«Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը, ինչը Հայաստան-ԵՄ նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորումն է»։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։
Դա, ըստ նրա, բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը, իսկ այժմ հաստատվել է խաղաղություն։
«Մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է նա։
Հարևան երկրների հետ հարաբերությունների մասին․ որո՞նք են բացառիկ կարևորության
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ՀՀ համար առանցքային նշանակություն ունեն հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումը։
«Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- շեշտել է նա։
Ասում է՝ բարիդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ Իրանի և Վրաստանի հետ՝ երկրներ, որոնց հետ ունեցած հարաբերությունները Երևանի համար «բացառիկ կարևորության» են։
«Տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը ՀՀ-ն համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում