Սերբիայից Հայաստան ուղարկված զենքն ու Վրաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնանկությունը․ ինչպե՞ս է դա կապված
Բաքվի և Թբիլիսիի փորձագետները ենթադրում են, որ օգոստոսի 17–ին Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի անսպասելի ազատումն այդ պաշտոնից առանց պատճառները նշելու կապված է 2020 թ–ի հուլիսի 12-16–ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացման օրերին Սերբիայից Հայաստան ուղարկված զենքի շուրջ սկանդալի հետ։
Սկանդալում ներքաշվել էր նաև Վրաստանն այն բանից հետո, երբ ադրբեջանական haqqin.az պարբերականը հայտարարել էր, որ զենքը նրա տարածքով է տեղափոխվել։
Վրաստանի ԱԳՆ–ն կտրականապես հերքել է այս տեղեկությունը, սակայն Վրաստանի ընդդիմությունը դեռ հարցեր ունի։
• Սերբիայից Վրաստանի տարածքով զենքի մակատարարում Հայաստանին․ եղե՞լ է, թե՞ ոչ
• Ալիևը զանգահարել է Պուտինին․ պաշտոնական վարկածները չեն համընկնում, որի՞ն հավատալ
Օգոստոսի 17–ին դեսպանի պաշտոնից պաշտոնապես ազատվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Այդ որոշումը մեծ մասամբ կարելի է ձևական անվանել, քանի որ Հասանովը դեռևս օգոստոսի 13–ին Բաքվում կալանավորվել էր Ադրբեջանի արտգործնախարարությունում կոռուպցիայի մասին քրեական գործի հետաքննման շրջանակում։
Այդ օրերին ևս մեկ իրադարձություն է տեղի ունեցել, որը կապված է Հայաստանին զենք մատակարարելու հետ, այս անգամ՝ Ռուսաստանի կողմից։
Օգոստոսի 13–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «լուրջ մտահոգություն» հայտնելու «հայ–ադրբեջանական սահմանին բախումների դադարելուց հետո՝ հուլիսի 17–ից մինչ օրս, Ռուսաստանից Հայաստան «ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարման» առթիվ։
Նախագահ Ալիևը ռազմական բեռների հստակ ծավալ էր նշել՝ ավելի քան 400 տոննա։ Նա ասել էր նաև, որ փոխադրումներն իրականացվում են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքներով։
Մեկնաբանություն
Ադրբեջանի ReAl ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էրքին Հադիրլիի կարծիքով՝ Սերբիայի և Վրաստանի դեսպաններին միաժամանակ հետ կանչելը պատահականություն չէ և կապված է Վրաստանի տարածքով Հայաստանին սերբական զենքի մակատարարման հետ 2020 թ–ի հուլիսի 12-16–ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների սրացման օրերին։
«Այդ նույն օրերին Հայաստանին զենք էր մատակարարում նաև Ռուսաստանը։ Արդյո՞ք հետ կկանչվի նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ Սերբիան և Վրաստանը [եթե հաստատվի նրա տարածքով զենքի մատակարարման մասին լուրը] խախտել են զենքի վաճառքի մասին ՄԱԿ պայմանագրի պայմանները։
Այդ պայմանագրի հիմնական սկզբունքներից մեկը պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական ինքնիշխանության նկատմամբ ուժային ճնշումից և ուժային սպառնալիքներից խուսափելն է։
Մեր տարածքները գրաված Հայաստանին զենք մատակարարելով՝ Սերբիան ու Վրաստանը խախտել են այդ պայմանագրի սկզբունքը, որի մասնակից են։ Երկու երկրներն էլ իմացել են, որ զենքը կիրառվելու է Ադրբեջանի դեմ, այդ մասին չիմանալ հնարավոր չէր»։
Նախկին դեսպան Դուրսուն Հասանովն Ադրբեջանում հիշվել է նրանով, որ իր ելույթներից մեկի ժամանակ Ղարաբաղը շփոթել է Գարդաբանիի հետ։
Հավանաբար պատճառն այն էր, որ ադրբեջաներենում այդ երկու բառերի առաջին հնչյունները նույնն են՝ Qarabağ և Qardabani։
Վրաստանում նոր դեսպան է նշանակվել Ֆայիք Գուլիևը, որը մինչ այդ զբաղեցնում էր սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեի փոխնախագահի պաշտոնը։