Վրաստանի 50 հազար քաղաքացի է գրանցվել Գերմանիայում աշխատելու համար ընդամենը մեկ օրում
Ընդամենը մի քանի ժամում Վրաստանի բնակչության գրեթե 1,5 տոկոսը դիմում է ներկայացրել կառավարության կայքում, որը նախատեսված է օրինական աշխատանքի նպատակով Գերմանիա մեկնել ցանկացողների համար։
Գրանցումը սկսվել է փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել է արդեն 53 274 մարդ։
Միաժամանակ այնքան մարդ է կայք այցելել, որ այն ժամանակավորապես ստիպված են եղել փակել, «Բիզնես-բանագնաց» պարբերականին պատմել է Զբաղվածության աջակցության գործակալության տնօրեն Նինո Վելտաուրին։
Վրաստանի առողջապահության նախարարությունը Գերմանիայի հետ համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել էր 2021 թ․ փետրվարի 12-ին։ Խոսքը գյուղատնտեսությունում սեզոնային աշխատանք կատարելու մասին է։ Ծրագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում անցկացնելու են մեկից երեք ամիս՝ աշխատելով շաբաթական հինգ-վեց օր։ Աշխատանքային օրվա տևողությունը 8-10 ժամ է։
Նվազագույն աշխատավարձը կազմում է ժամը 9,5 եվրո (փոխանցվում է)։ Այդ գումարից վճարվում են նաև հարկերն ու բնակարանի և սննդի ծախսերը։
Վրաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ Վրաստանն առաջին երկիրն է, որի հետ Գերմանիան սկսել է աշխատել այս ուղղությամբ։
Գրանցվել կարելի է ողջ տարվա ընթացքում, հետևյալ կայքում՝ https://workabroad.moh.gov.ge/։
Վրաստանի յուրաքանչյուր յոթերորդ քաղաքացի սոցիալական օգնություն է ստանում։ Պաշտոնապես՝ գործազրկությունը կազմում է 12 տոկոս, թեև իրեն գործազուրկ է համարում 63 տոկոսը։
Նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին արտասահմանում Վրաստանի քաղաքացիների համար օրինական աշխատանքի հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր երկու տարի առաջ։