Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին փնտրում են ողջ Վրաստանում. այսպիսի տեղեկատվություն են տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչները:
Գերատեսչությունում ասում են, որ Մուխտարլիի անհետացման մասին նրա ընտանիքի անդամները հայտարարել են այսօր:
Աֆղան Մուխտարլին Թբիլիսիում է ապրում արդեն մեկ տարուց ավել: Ադրբեջանական իշխանության հետ նրա խնդիրներն առաջացել են լրագրողական գործունեության պատճառով։ Մուխտարլին տնից դուրս է եկել երեկ՝ մայիսի 29-ին, և դրանից հետո տան անդամները նրան չեն տեսել: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին: Վերջին անգամ ադրբեջանցի լրագրողին տեսել է նրա ընկերը երեկոյան մոտավորապես ժամը յոթին:
Նախորդ շաբաթ JAMnews-ն ընթերցողներին էր առաջարկել Վրաստանում գտնվող Ադրբեջանից եկած քաղաքական փախստականների մասին ռեպորտաժ: Ռեպորտաժի հերոսներից մեկը հենց Աֆղան Մուխտարլին էր, որը հայտարարել էր, որ ադրբեջանցի ակտիվիստների մոտ վերջին 6-7 ամիսներին Վրաստանում խնդիրներ են առաջանում: