Վրաստանի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել. կան վիրավորներ
Կիսվել
Կիսվել
Գուդաուրիի հայտնի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կան Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Շվեդիայի քաղաքացիներ: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ ոչ մեկի վիճակը ծանր չի գնահատվում:
Գուդաուրիի լեռնադահուկային ճանապարհի վրա մարտի 16-ին՝ օրվա առաջին կեսին, ճոպանուղու ամբարձիչը շարքից դուրս է եկել: Ճոպանուղին հանկարծակի վթարային ռեժիմով կանգ է առել և նույնքան հանկարծակի ստորին կետի շրջանում դարձյալ շարժվել: «Զամբյուղներում» գտնվող մարդիկ փրկվել են՝ թռչելով մեծ բարձրոթյունից:
Կատարվածի առաջին կադրերը կարճ ժամանակ անց հայտնվել են Facebook-ում:
Դրանցում երևում է՝ ինչպես են մարդիկ դուրս թռչում «զամբյուղներից»:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ բժշկական օգնության համար տեղի հիվանդանոց է դիմել 8 մարդ: «Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել, ծանր վիրավորներ չկան: Տուժածներից երկուսի՝ Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ է մեծ ուշադրություն»,- ասել է Սերգեենկոն՝ հավելեով, որ ուկրաինացի հյուրի մոտ առկա է ձեռքի բաց կոտրվածք, իսկ Շվեդիայի քաղաքացին հղի է: Նրանք երկուսն էլ ուղղաթիռով Գուդաուրիից տեղափոխվել են Թբիլիսի:
Ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով՝ երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտի կամ ճոպանուղու շահագործման կանոնների խախտում: