Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջը
ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը․ ընդդիմության արձագանքը
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը։
Բողոքները էին ներկայացրել յոթ քաղաքական ուժեր։ Չնայած դիմումների բովանդակության որոշակի տարբերություններին, դատարանը միավորել էր դրանք և քննել որպես մեկ գործ։ Լսումները սկսվել են հունիսի 26-ին և տևել վեց օր՝ ընդհանուր առմամբ մոտ 50 ժամ։ Հուլիսի 4-ի երեկոյան Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակեց դատարանի որոշումը.
«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ»։
Դատարանի որոշման հիմնավորումը դեռևս հայտնի չէ։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ որոշման ամբողջական տեքստը հասանելի կլինի երեք օրվա ընթացքում։ Նրա խոսքով՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի մանրամասն մեկնաբանել այն․
«Միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն կա։ Ցավոք սրտի, միջազգային դատարան դիմելու արդյունքում ընտրությունների արդյունքները չեն փոխվելու։ Այլ իրավական գործընթացների մասով՝ որոշումն ունենալուն պես, կքննարկենք վստահորդի հետ, կհասկանանք հետագա քայլերը։ Այս պահին ավել դետալներ չեմ ասի։ Մի քանի իրավական գործընթացներ կան, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու և ինչ չափով իրականացնելու հարցը քննարկման առարկա պետք է դառնա»։
Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Հինգ ընդդիմադիր ուժեր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ արձանագրելով «քաղաքական դիմադրության» նոր փուլի մեկնարկը։
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- 64 մանդատ՝ իշխող ՔՊ-ին․ Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- «Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ
Ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունը
Հինգ ընդդիմադիր քաղաքական ուժ համատեղ հայտարարություն տարածեց Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո: «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժումը, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին պայքարի նոր փուլի մեկնարկի մասին:
«Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը», — ասված է հայտարարության մեջ:
Ընդդիմադիր ուժերը ներկայացրել են նաև իրենց միասնական քաղաքական օրակարգի հիմնարար ուղղությունները.
1. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների կանխում, քանի որ համոզված են՝ այդ գործընթացը պարտադրված է իշխանություններին Ադրբեջանի կողմից և «անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը»;
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն՝ ելնելով այն համոզմունքից, որ վարչապետի կողմից եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվում է «համակարգված ապօրինի արշավ»;
3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն, այն պատճառաբանությամբ, որ «հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք»;
4. գործող իշխանության հեռացում, որը նրանց կարծիքով՝ «այլընտրանք չունեցող հրամայական է».
Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտնել են, որ այս կետերի շուրջ անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
Ո՞ր ուժերն են դիմել ՍԴ և ի՞նչ պահանջներ են ներկայացրել
Սահմանադրական դատարան դիմել էին հետևյալ քաղաքական ուժերը՝
- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը,
- «Միասնության թևեր» կուսակցությունը,
- «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
- «Հանուն Հանրապետության» կուսակցությունը,
- «Հայաստան» կուսակցությունների դաշինքը,
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
«Ուժեղ Հայաստան»-ը, մասնավորապես, ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։։
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց դիմումը նույնաբովանդակ չէ, ունի այլ «ապացուցման առարկա»։
Հայտնել է՝ դիմումի հիմքում հետևյալն հարցն է՝ կարո՞ղ է պետությունը վստահությամբ ասել, որ ընտրությունների արդյունքը ժողովրդի ազատ կամքի արտահայտությունն է, եթե ընտրությունների ընթացքում պետական մարմինները հենց իրենք են արձանագրել կազմակերպված, զանգվածային, կրկնվող և փոխկապակցված ընտրական հանցագործությունների մասին տվյալներ։
Բաբաջանյանը Նկատի ունի ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բազմաթիվ բացահայտումները։
Դրանց մեծ մասն առնչվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և կողմնակիցների գործողություններին։
«Մենք Սահմանադրական դատարանին չենք խնդրում փոխարինել քրեական դատարաններին։ Մենք չենք խնդրում ՍԴ-ին որոշել, թե կոնկրետ որ անձը ինչ հանցանք է կատարել։ Դա քրեական արդարադատության խնդիրն է։ Մենք ՍԴ-ին խնդրում ենք անել այն, ինչ միայն Սահմանադրական դատարանը կարող է անել՝ գնահատել ընտրությունների սահմանադրականությունը», — նշել է Բաբաջանյանը։
Հունիսի 14-ին հրապարակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ հայտարարության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726,819 ձայն (49.7456%)։
Խորհրդարան անցնելու համար պայքարող երեք ընդդիմադիր ուժերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340,006 ձայն (23.2710%),
- «Հայաստան» դաշինք – 144,983 ձայն (9.9231%),
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58,287 ձայն (3.9893%):
Այսպիսով, խորհրդարան են անցել հետևյալ կուսակցությունները.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի առաջնորդն է գործարար Սամվել Կարապետյանը,
- «Հայաստան» դաշինքը, որի ղեկավարն է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Գարիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 4% շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը․ ընդդիմության արձագանքը