Ռուս լրագրողը, որին հետապնդում էին իշխանությունները, ինքնահրկիզվել է ոստիկանության շենքի դիմաց
Ռուսական Նիժնի Նովգորոդում՝ ներքին գործերի նախարարության տեղի վարչության շենքի մոտ տեղի լրագրողն ինքնահրկիզվել է, նրան չի հաջողվել փրկել։
Ինչպես գրում է «Նովայա գազետան», ինքնասպանություն է գործել տեղի Koza.Press անկախ պարբերականի գլխավոր խմբագիր Իրինա Սլավինան։ Դրանից առաջ Սլավինայի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել․ «Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը»։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Դեպքի վայր են ժամանել Սլավինայի հարազատները, մարդիկ սկսել են ծաղիկներ բերել։ ՆԳՆ շենքն ու մետրոյի ելքերը շղթայված են ոստիկանության կողմից։
«Նովայա գազետան» հաղորդում է, որ Սլավինային հետապնդում էին իրավապահ մարմինները։ Նախօրեին նրա տանը խուզարկություն էր անցկացվել «անցանկալի կազմակերպության գործունեության իրականացման» գործի շրջանակում։
Ինչպես պատմում էր Սլավինան, առավոտյան վեցին «մետաղահատներով» նրա բնակարան է եկել 12 մարդ։
«Ես, լինելով մերկ, արդեն հագնվում էի ինձ անծանոթ տիկնոջ հսկողությամբ։ Խուզարկություն անցկացրին։ Փաստաբանիս զանգահարել չթույլատրեցին, — գրել էր նա՝ հավելելով, որ իր և հարազատների անձնական տեխնիկան առգրավել են։ — Ես մնացի առանց աշխատանքային գործիքների»։
Լրագրողին մի քանի անգամ տուգանել են «իշխանության նկատմամբ հարգանքի բացակայության» հոդվածով, բողոքի ցույցերին մասնակցելու, ֆեյսբուքյան գրառումների և սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին ակցիա կազմակերպելու համար։