Ռուսաստանի խաղաղապահ առաքելության խաթարում․ Արցախի արձագանքն Ադրբեջանի սադրանքին
«Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը»։ Այսպիսի հայտարարություն է արել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ վերջին իրադարձությունների առնչությամբ, երբ ադրբեջանցիներն, ըստ ականատեսների, քարեր են նետել հայկական մեքենաների վրա։
Վերջին մեկ շաբաթում երկու նման դեպքի մասին է հաղորդվել։
- Գերիների վերադարձ և Արցախի կարգավիճակ․ տարածաշրջանում վստահության «բաղադրատոմս»՝ Հայաստանի արտգործնախարարից
- Ինչպիսի՞ն է կյանքը պատերազմից հետո․ հայկական սահմանամերձ գյուղի երիտասարդ համայնքապետի հարցազրույցը
Միջադեպերի մանրամասները
Առաջին միջադեպը տեղի է ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհին։ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Լենդրուշ Բաբայանը Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղից Ստեփանակերտ վերադառնալիս է եղել։
«Իմ առջև մի «Նիվա» կար, «Նիվային» խփեցին, չկպավ, հետո ես էի գալիս հետևից, ինձ խփեցին, կպավ մեքենայի դիմապակուն», — պատմել է Բաբայանը։
Ճանապարհի այդ հատվածով ադրբեջանցիները Շուշիի Կարմիր Շուկա գյուղից տեղաշարժվում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Միջադեպից հետո վնասված մեքենայի տերը կտրել է ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների ճանապարհն ու բացատրություններ պահանջել, հաղորդում է ԼՂՀ ոստիկանությունը։
Ըստ Լենդրուշ Բաբայանի ցուցմունքների՝ ադրբեջանցի սպան լուսանկարել է մեքենան և խոստացել միջադեպի մասին հաղորդել իր վերադասին։
«Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը», — ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Սակայն մի քանի օր անց կրկին նման դեպք է տեղի ունեցել, այս անգամ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին։
Այդ միջադեպի մանրամասները ներկայացրել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 4-5 կմ վրա։ Վարորդն անհանգստացել է, բայց կանգ չի առել։
«Այս փաստերն […] անհրաժեշտ է արձանագրել և միջոցներ ձեռնարկել։ Ո՞վ պետք է, ի վերջո, երաշխավորի քաղաքացիական անձանց անվտանգ տեղաշարժի իրավունքը», – գրել է Իրինա Յոլյանը։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կապվել է ավտոմեքենայի վարորդի հետ։ Նրա խոսքով՝ ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածել, սակայն հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը։
«Հաշվի առնելով, որ դեպքն արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ դեպքում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը [խոսքն Արցախում հրադադարի հաստատման փաստաթղթի մասին է, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020 թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը], — գրել է մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուքում։
«Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով»․ ԱԳՆ
«Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումները, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը», — ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։
Գերատեսչության մեկնաբանությունում նշվում է, որ անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ընդգծվում է նաև, որ այդ միջադեպերը «նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության»։