Ռումինիայում զանգվածային բողոքի ցույցի արդյունքները. սկանդալային հրամանը չեղարկվել է, արդարադատության նախարարին հրաժարական է սպառնում
Կիսվել
Կիսվել
Ռումինիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հեռացնել կառավարության սկանդալային որոշմանն աջակցող արդարադատության նախարարին, որը կոմունիստական բռնապետ Չաուշեսկուին տապալելուց ի վեր ամենամասշտաբային զանգվածային ցույցերի պատճառ է դարձել:
Վարչապետ Սորին Գրինդյանուի խոսքով, նախարարների կաբինետի կողմից նախորդ շաբաթ հաստատված «մանր» կոռուպցիան ապաքրեականացնող որոշումը «ռումինացիների բաժանման» է բերել, ինչի պատճառով արդարադատության նախարար Ֆլորին Իորդակեն կարող է մոտակա օրերին լքել իր պաշտոնը:
Չնայած այն բանին, որ կիրակի կառավարությունը հայտարարել է հանրության վրդովմունքն առաջացրած որոշման չեղարկման մասին, երկուշաբթի օրը հարյուր հազարավոր ցուցարարներ նախկինի պես պահանջում էին կառավարության հրաժարականը:
Որոշման համաձայն՝ ապաքրեականացվել էին կոռուպցիոն հանցագործությունները, որոնք պետական բյուջեին 47 800 դոլար վնաս էին հասցրել: Վարչապետ Սորին Գրինդյանուն (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ) պնդում էր, որ այդ կերպ երկրի լեփ-լեցուն բանտերում տեղեր կազատվեն: Սակայն որոշմանը դեմ արտահայտվողները համարեցին, որ դա կոռումպացված քաղաքական գործիչներին թույլ կտա խուսափել պատժից և կխթանի պաշտոնեական հանցագործությունները:
Որոշման ընդունումից հետո ռումինական քաղաքների փողոցներ է դուրս եկել 500 հազարից ավել մարդ: Որոշ վայրերում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել:
Կոռուպցիայի ընկալման ցուցիչում, որն ամեն տարի կազմում է Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Ռումինիան 176 երկրների ցանկում 57-րդ տեղն է զբաղեցնում: Դա ԵՄ երկրների համար ամենավատ ցուցանիշներից մեկն է: