Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ուկրաինայի նախագահի տիկին Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստը դրական է։
«Այսօր կորոնավիրուսի իմ թեստը դրական է եղել։ Անսպասելի նորություն էր։ Հատկապես հաշվի առնելով՝ որ ես ու ընտանիքս շարունակում ենք պահպանել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, քիչ շփվել…», — մեջբերում է Հրոմադսկոյեն Ելենա Զելենսկայայի ֆեյսբուքյան գրառումը։
Առաջին տիկինը նշել է, որ իրեն լավ է զգում և հիվանդության ոչ մի ախտանշան չունի։ Այժմ Ելենա Զելենսկայան ամբուլատոր բուժման մեջ է, մեկուսացված է ընտանիքի մյուս անդամներից։
«[Ուկրաինայի նախագահ] Վլադիմիրը [Զելենսկին] և երեխաները նույնպես թեստավորվել են, նրանց արդյունքները բացասական են», — հավելել է նա։
Զելենսկայան ասել է նաև, որ իր ախտորոշման մասին գրել է Facebook–ում, որպեսզի բոլորը հիշեն․ զգոնությունը կորցնելը վաղ է։
«Ակտիվ սոցիալական կյանքի վերադառնալիս անհրաժեշտ է հիշել, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն մեր անձնական առողջությունն, այլ նաև ուրիշներինը՝ հարազատներինն, ընկերներինը, գործընկերներինն, անգամ անծանոթներինը, որոնք մեզ հետ վերելակում են հայտնվել, սուպերմարկետում դրամարկղի մոտ հերթ են կանգնել․․․», — հիշեցրել է նա։
Ուկրաինայում COVID-19–ի համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 29 753 մարդ, նրանցից 13 576–ն ապաքինվել է, 870–ը՝ մահացել բարդություններից։ Հունիսի 12–ի տվյալներով՝ նախորդ մեկ օրում հաստատվել է 683 նոր դեպք, 426 մարդ է ապաքինվել, 16–ը մահացել է։