Ողբերգություն Աբխազիայում․ ռուս կինն ու երեխան խեղդվել են փոթորկված ծովում
Աբխազիայում ողբերգություն է տեղի ունեցել․ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների ընտանիքը ծովը տարել է։ Փրկել հաջողվել է միայն երկու երեխաներին։ Ավելի վաղ խեղդվել էր ևս երկու ռուս զբոսաշրջիկ։ Հյուրերը լողում են ծովում՝ չնայած արգելքներին և նախազգուշացումներին։
Չնայած ուժեղ փոթորկին, որը մի քանի օր շարունակ մոլեգնում էր Սև ծովի աբխազական ափին, ծովում էքստրեմալ պայմաններում լողալ ցանկացող ռուս զբոսաշրջիկները, որոնք Աբխազիա էին եկել հանգստանալու, շատ էին։
Սանկտ Պետերբուրգից ժամանած զբոսաշրջիկ Տամարա Մոլչանովան իր երեք մանկահասակ երեխաների հետ նույնպես պատրաստվում էր փոթորկի ժամանակ լողալ։ Սակայն հյուրանոցի աշխատակազմը, որտեղ նա հանգստանում էր, արգելել է դա անել, որից հետո կինը երեխաների հետ որոշել է լողալ եթե ոչ ծովում, ապա Բզըբ գետում։
- Ռուսաստանցի լրագրող Պոզներին Թբիլիսի կատարած անհաջող այցից հետո Աբխազիա են հրավիրել
- Թե ինչպես են գերմարդ ստեղծել․ Աբխազիայի կապիկների բուծարանի լեգենդներն ու կյանքը
Արդյունքում՝ մորն ու երեք երեխաներին՝ ութ, հինգ և երեք տարեկան, գետի հոսանքը սկսել է տանել դեպի ծով։ Դրան ականատես տեղի բնակիչները ջուրն են նետվել՝ հյուրերին փրկելու, և գետից դուրս են բերել երեխաներից մեկին։
Մյուսներին հոսանքը տարել է ծով։ Այնտեղ արդեն խեղդվողներին փրկելու գործողությանը միացել են Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Նրանց հաջողվել է ջրից դուրս բերել ևս երկու երեխաների։ Սակայն նրանցից մեկն արդեն մահացած է դուրս բերվել։ Երեխաների մորը՝ Տամարա Մոլչանովային, փրկարարներն այդպես էլ չեն գտել։
Դրանից առաջ ևս երկու ռուս զբոսաշրջիկներ, որոնք որոշել են փոթորկին լողալ, խեղդվել են Գագրայի ափին։
Աբխազիայի ծովում և գետերում ռուս զբոսաշրջիկնների հաճախակի դարձած մահվան դեպքերի առնչությաբ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատունը ստիպված է եղել հատուկ ուղերձ հղել ռուսաստանցիներին, որոնք հանգստանալու են եկել Աբխազիա․
«Այս առնչությամբ խստորեն հորդորում ենք զերծ մնալ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ լողալուց, ինչպես նաև վայրերում, որտեղ լողալը խստիվ արգելվում է։ Ջրում անվտանգության կանոններին չհետևելն ուղղակի սպառնալիք է մարդկանց կյանքին և առողջությանը։ Ուշադիր եղեք ձեր և ձեր մտերիմների նկատմամբ»,- նշված է ՌԴ դեսպանական հաղորդագրությունում։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։