«Ես եկել եմ ողջ աշխարհին ցուցադրելու Թուրքիայի աջակցությունը հարազատ Ադրբեջանին»․ Չավուշօղլու
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցելել է Բաքու։ «Ադրբեջանի օկուպացված տարածքներն արդեն պետք է ազատագրվեն։ Ադրբեջանն իրավացի է թե իրավական, թե բարոյական տեսանկյունից», — նշել է նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։
• Կյանքը ճակատագծում։ Ֆոտոռեպորտաժ Ադրբեջանից
• Կարծիք Երևանից․ ի՞նչ սպասել Ղարաբաղում ռազմական դիմակայությունից, արդյո՞ք ելք կա և ինչպիսի՞
Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կարճ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ես այստեղ եմ եկել, որպեսզի ողջ աշխարհին ցուցադրեմ Թուրքիայի աջակցությունը հարազատ Ադրբեջանի ժողովրդին․․․ Մենք՝ որպես Թուրքիա և թուրք ժողովուրդ, պատրաստ ենք Ադրբեջանին ցանկացած օգնություն ցուցաբերել ցանկացած ոլորտում, երբ էլ դրա կարիքը լինի», — նշել է Չավուշօղլուն Ալիևի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանի օկուպացված տարածքներն արդեն պետք է ազատագրվեն։ Ադրբեջանն իրավացի է թե իրավական, թե բարոյական տեսանկյուններից, և, այդ արդար պայքարի մասին ամենուր պարզաբանումներ տալով, մենք այն շարունակելու ենք թե մարտադաշտում, թե սեղանի շուրջ», — հավելել է նա։
Իլհամ Ալիևը նշել է, որ Չավուշօղլուի այս այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ «Ձեր այցն Ադրբեջանի համար դժվար ժամանակներում, իհարկե, առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն եղբայրական երկրին բացահայտ սատարելու արտահայտություն է։ Ադրբեջանցի ժողովուրդը խորը երախտագիտություն է տածում Թուրքիայի եղբայրական ժողովրդի և նրա նախագահի նկատմամբ այս աջակցության համար», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Այսօր և՛ մեր ժողովուրդները, և՛ ողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական միասնությունը», — հավելել է Ալիևը։
Սեպտեմբերի 27-ին դաժան մարտեր են սկսվել Լեռնային Ղարաբաղի ճակատագծում։ Մարտական գործողությունների գոտում կատարվող բոլոր իրադարձությունների մասին կարդացեք մեր օպերատիվ լուրերի բաժնում։