Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում, հոկտեմբերի 1-ի երեկոյան։ Այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները նախօրոք տեղեկություններ են ստացել նրա տեղաշարժի մասին, և գործընթացը լիակատար վերահսկողության տակ է եղել։
Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ի առավոտյան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Վրաստան է ժամանել և Բաթումում է գտնվում։ Վրաստանի ՆԳՆ-ն, ի պատասխան, արտակարգ հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախկին նախագահը, որը հետախուզման մեջ է մի քանի քրեական գործերով, պաշտոնապես պետական սահմանը չի հատել։ Եթե այս լուրը հաստատվի, նա կկալանավորվի, հայտարարել էր ՆԳՆ-ն։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշիլին մեկնաբանել է նախկին նախագահի ժամանման շուրջ իրարանցումը։ Նա հայտարարել է, որ «խաղաղ և ազատ ընտրական միջավայրի պահպանման համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը»։
«Սաակաշվիլիի Վրաստան ժամանելու կապակցությամբ կառավարության ծաղրն անթույլատրելի է։ […] Ով տարածում և շահարկում է այս թեման, չի մտածում երկրի կամ արդար ընտրությունների մասին, այլ շեշտը դնում է ապակայունացման վրա։
Սաակաշվիլին քաղաքացիներին կոչ է անում մասնակցել խաղաղ ընտրություններին, սակայն հոկտեմբերի 3-ին՝ ընտրություններից հետո, բողոքի ակցիայի դուրս գալու իր կոչերով և քայլերով կասկածներ է առաջացնում, որ ընտրությունների փոխարեն այլ գործողությունների նախապատրաստություն է ընթանում։
Մյուս կողմից, իշխանության արձագանքն այն չէ, ինչ նա պարտավոր է անել, կամ նրանից սպասում է հասարակությունը, և ինչը մարդկանց կհանգստացնի և կվերադարձնի նախընտրական տրամադրությունները։ Մեկնաբանություններն այսօր պետք է լինեն ոչ թե կուսակցությունից, այլ պետական մարմիններից, որոնք պարտավոր են փաստեր ներկայացնել և հանդարտեցնել իրավիճակը։ Ծաղրուծանակը պատասխան չէ, նման դեպքերում մարդիկ սկսում են կասկածի տակ դնել երկրում պետական կառույցների արդյունավետությունը։
Երկպառակության ժամանակներն անցել են, և ոչ ոք չպետք է խաղա այդ կրակի հետ։ Խոսքը գնում է երկրի և դրա ապագայի մասին։ Չեմ հավատում, որ այդ ժամանակը վերադառնալու է, քանի որ մեր քաղաքացիներն ավելի խելամիտ են, քան քաղաքական գործիչները», — հայտարարել է Վրաստանի նախագահը։