Հայ երիտասարդները վերադառնո՞ւմ են բուհ․ աննախադեպ մասնակցություն քննությունների առաջին փուլին
Միասնական քննությունների ձմեռային փուլը ՀՀ-ում
«Միասնական քննությունների առաջին փուլում այսքան մասնակցություն երբեք չենք ունեցել։ Նախորդ տարի ունեցել ենք 9671 դիմորդ, այս տարի՝ 11․608 դիմորդ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը: 2025 թ․-ի ցուցանիշը որակել է «աննախադեպ»։ Այդ գնահատակնը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին Հայաստանի բուհերում հազարավոր թափուր տեղեր էին մնում ընդունելության քննություններից հետո։
Նա հիշեցրել է՝ 4 տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով՝ ձմեռային և ամառային։ Առաջին փուլում գրանցած արդյունքից դժգոհ լինելու պարագայում դիմորդները կարող են ևս մեկ անգամ ուժերը փորձել երկրորդ փուլում։ Որպես հիմք է ընդունվում այն գնահատականը, որն ավելի բարձր է եղել։
Նասիբյանը լրագրողներին ասել է, որ ընդունելության առաջին փուլի դիմորդների շարքում եղել են ոչ միայն դպրոցականներ, այլև նախորդ տարիների շրջանավարտներ, օտարերկրյա քաղաքացիներ։
Մանրամասները՝ ստորև
- Մասնավոր դպրոցները Հայաստանում պահանջված են․ ծնողներն այլընտրանք են փնտրում
- «Արհեստական բանականության սերունդ». ՀՀ-ում մեկնարկել է փորձարարական ծրագիր
- «Թումո». այլընտրանքային կրթություն Հայաստանում՝ անվճար, բայց առաջադեմ
Ճնշող մեծամասնությունն անգլերենի քննություն է հանձնում
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում քննական առարկաների առաջատար եռյակը չի փոխվել։ Այս տարվա պատկերը հետևյալն է՝
- «Անգլերեն»՝ 6452 դիմորդ,
- «Մաթեմատիկա»՝ 5151 դիմորդ,
- «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 4359 դիմորդ։
Նրա փոխանցմամբ՝ մյուս առարկաների դիմորդների թիվը եղել է հազարին մոտ։
Անհամեմատ ավելի քիչ է եղել նաև այլ օտար լեզվից քննություն հանձնողների թիվը. «Գերմաներեն»՝ 55 դիմորդ, «Ֆրանսերեն»՝ 27 դիմորդ, «Իսպաներեն»՝ 4 դիմորդ։
Նասիբյանն ասում է՝ միասնական քննությունների առաջին փուլի մասնակիցների գերակշռող մեծամասնությունը՝ 10․765-ը, լշկազմել են 12-րդ դասարանում սովորող աշակերտները։ Քննական այս փուլին մասնակցել են նաև 534 հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներ և 309 օտարերկրյա քաղաքացի։
«Այլ երկրներից ամենից շատ մասնակցել են ՌԴ-ից՝ 251 անձ, նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Հնդկաստանից և այլն։ Նրանց թվում են և՛ ազգությամբ հայերը, և՛ օտարազգիները»,- տեղեկացրել է պաշտոնյան։
Շեշտել է՝ այն դիմորդները, որոնց չեն բավարարել առաջին փուլի արդյունքները, պետք է մայիսին հայտագրվեն, նորից հանձնեն միասնական քննությունները։ Նրանք, ովքեր գոհ են իրենց գրանցած արդյունքից, հայտագրման ժամանակ պարզապես պետք է կատարեն այս փորձի արդյունքները պահպանելու վերաբերյալ համապատասխան նշում։
«Դիմորդների համար ստեղծվել են լավ պայմաններ»
ԳԹԿ տնօրենի տեղակալի դիտարկմամբ՝ արձանագրված բարձր ցուցանիշները վկայում են, որ համակարգի ներդրումից հետո դիմորդների համար ստեղծվել են լավ պայմաններ․
«Նրանք հունվարին քննություն են հանձնում, փորձում են իրենց ուժերը։ Եթե գոհ են լինում գնահատականներից, ապա դրանք պահպանում են ու հունիսին այլևս չեն մասնակցում քննություններին։ Եթե գոհ չեն լինում, ուրեմն հունիսին նորից են փորձում»։
Նասիբյանի խոսքով՝ 2024 թ․-ին քննությունների առաջին փուլի մասնակիցների 15%-ը չի մասնակցել երկրորդ փուլին, այսինքն՝ «գոհ է եղել իր արդյունքից»։
Եթե նախորդ տարիներին ընդունելության քննությունների կազմակերպման համար գործարկվել են առավելագույնը 41 քննական կենտրոններ, այս տարի դրանց թիվը 50 է եղել։
«Դժվարություններ, իհարկե, եղել են։ Հատկապես քննասենյակների ընտրության հարցում։ Եթե ամառային ամիսներին կարողանում էինք մեծ, լուսավոր քննասենյակներ ընտրել, ապա ձմռանն ընտրում ենք այն սենյակները, որտեղ կարող ենք ջերմություն [ջեռուցում] ապահովել»,- նկատել է նա և հավելել՝ հաջողվել է քննությունների ընթացքը պատշաճ կազմակերպել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միասնական քննությունների ձմեռային փուլը ՀՀ-ում