Մամուլի ազատության հարցում ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարն է․ ԵԽ ներկայացուցչի կարծիքը
Մամուլի ազատության ՀՀ առաջընթացը
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում գրանցել է աննախադեպ դրական դինամիկա։ Մասնավորապես՝ 2023 թվականին ՀՀ-ն զբաղեցրել է 49-րդ տեղը՝ 2018 թ․-ի 80-րդ տեղի փոխարեն:
Մամուլի ազատության առումով այժմ Հայաստանն առաջատար է հարևան պետությունների շրջանում։ Վրաստանը 77-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 151-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Իրանը՝ 177-րդ:
Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության համար արշավի ղեկավար Ռոդիկա Չոկինան ողջունելի է համարում ՀՀ գրանցած առաջընթացը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա նկատել է՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ, չնայած ոլորտում դեռևս առկա զգալի մարտահրավերներին, պետությունը լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում համապարփակ մոտեցում է ցուցաբերում։
Լրագրողների անվտանգության համար արշավի ղեկավարն անդրադարձել է ոչ միայն Հայաստանի գրանցած հաջողություններին, այլև առկա խնդիրներին ու հնարավոր լուծումներին, արշավի շրջանակներում Երևանից ակնկալվող քայլերին։
Հարցազրույցի կարևոր դրվագները՝ ստորև
Կա դրական տեղաշարժ, բայց նաև մարտահրավերներ
Ռոդիկա Չոկինայի խոսքով՝ մամուլի ազատության ոլորտում Հայաստանի զգալի առաջընթացը ցույց է տալիս «դրական տեղաշարժ դեպի այնպիսի միջավայր, որտեղ կարող է զարգանալ լրագրողական փորձառությունը»․
«Չնայած մամուլի ազատության վարկանիշի բարելավմանը՝ Հայաստանը դեռևս բախվում է զգալի մարտահրավերների, այդ թվում՝ բևեռացման, ատելության խոսքի և ապատեղեկատվության»։
Լրագրողների անվտանգության համար արշավի ղեկավարի դիտարկմամբ՝ նմանատիպ խնդիրների աճը կարող է թշնամական միջավայր ստեղծել լրագրողների համար, մասնավորապես՝ կանանց, որոնք կարող են ենթարկվել ոտնձգությունների լրացուցիչ ձևերի:
Շեշտում է՝ լրագրողներին անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկական պաշտպանություն, այլև պաշտպանություն թվային տարածքում, օրինակ՝ հաքերային հարձակումներից։
«Հայաստանում մամուլի ազատության բարելավումը հուսադրող զարգացում է, որն արտացոլում է տարբեր շահագրգիռ կողմերի հանձնառությունը՝ խթանելու ազատ և անկախ լրատվական դաշտը: Այնուամենայնիվ, շարունակական զգոնությունն անհրաժեշտ է՝ դիմակայելու համար առկա մարտահրավերներին»,- նկատել է Չոկինան։
Լրագրողների դերի ըմբռնման բացակայությունը մտահոգիչ է
Կարծում է՝ լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև հայ հասարակության մեջ լրագրողների կենսական դերի վերաբերյալ ըմբռնման բացակայությունը․
«Մամուլի ազատության կարևորության և ժողովրդավարության մեջ լրատվամիջոցների դերի մասին հանրային իրազեկվածության բարձրացումն էական է»։
Ըստ Չոկինայի՝ կրթական և իրազեկման միջոցառումները կարող են նպաստել լրագրողների և նրանց աշխատանքի նկատմամբ հարգանքի մշակույթի ձևավորմանը, մեղմացնել դեռևս գոյություն ունեցող բևեռացումն ու թշնամանքը։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն արշավի շրջանակներում
ԵԽ պաշտոնյան նաև Լրագրողների անվտանգության համար արշավի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։ Արշավի վերջնական նպատակն է ԵԽ անդամ-պետություններում լրագրողների համար առավել ապահով աշխատանքային միջավայրի ստեղծումը։ Նշել է, որ ամեն տարի արշավն ունենալու է թեմատիկ ուղղվածություն։ Առաջին՝ ընթացիկ տարվա թեման լրագրողների պաշտպանությունն է։
Սահմանված նպատակն իրագործելու համար գործելու է հետևյալ մեխանիզմը՝ պետությունները պետք է նշանակեն ազգային պատասխանատու և ստեղծեն ազգային կոմիտե կամ աշխատանքային խումբ։ Կոմիտեն կամ խումբը պետք է կազմված լինի անվտանգային խնդիրներին առնչվող գերատեսչությունների, ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներից, պատգամավորներից։
«Արշավի շրջանակներում ազգային կոմիտեի ստեղծումը և հուսանք՝ Լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագրի վրա ապագա աշխատանքը խոստումնալից քայլ է՝ լրագրողների համար ավելի անվտանգ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը կաջակցի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ավելի լայն նպատակին»,- մանրամասնել է Ռոդիկա Չոկինան։
Նրա փոխանցմամբ՝ կարևոր քայլ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ համապատասխան աշխատանքային խմբի կամ ազգային կոմիտեի ձևավորումը․
«Կոմիտեն ընդգրկում է տարբեր ոլորտների, այդ թվում՝ նախարարությունների, քաղհասարակության ու ԶԼՄ ներկայացուցիչների, ինչը ցույց է գալիս, որ լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում Հայաստանը համապարփակ մոտեցում է ցուցաբերում»։
Նման կազմ ունեցող կոմիտեն, ըստ նրա, պետք է դառնա մամուլի ազատությանն աջակցող արդյունավետ քաղաքականության իրականացման հիմք։ Կարևոր է համարում նաև կոմիտեի կանոնավոր աշխատանքը, այդ թվում՝ կոնկրետ ուղղություններով, մասնավորապես՝ Լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագրի վրա տարվելիք աշխատանքները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մամուլի ազատության ՀՀ առաջընթացը