Վրացի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան մահացել է Մոսկվայում 80 տարեկան հասակում: 2015թ-ին Զուրաբ Սոտկիլավայի մոտ ուռուցք են հայտնաբերել: Նա բուժման կուրսեր է անցել Ռուսաստանում և Գերմանիայում, և որոշակի ժամանակով վերադարձել իր պրոֆեսիոնալ գործունեությանը:
https://www.youtube.com/watch?v=oHQB9dXAeIw
Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937թ-ին Սուխումիում:
1965թ-ին նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան: 1966-1968թթ-ին եղել է Լա Սկալայի ուսանող: 1974թ-ին աշխատել է որպես Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ:
2016թ-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երգչին պարգևատրել է Պատվո շքանշանով: Հանրահայտ տենորին բարձր պարգևը շնորհվել է օպերային արվեստի ժողովրդականացման գործում ունեցած մեծ ավանդի, արգասաբեր ստեղծագործ և մանկավարժական գործունեության, ինչպես նաև Վրաստանը համաշխարհային բեմում արժանի կերպով ներկայացնելու համար:
Օպերային կարիերա սկսելուց առաջ Զուրաբ Սոտկիլավան ֆուտբոլ էր խաղում: «Սուխումիում մեր տան մոտ մեծ դաշտ կար, որտեղ ամբողջ ամառ ֆուտբոլ էինք խաղում: Գալիս էին մարզիչներ, հետևում մեզ… Մի անգամ, ես այն ժամանակ 12 տարեկան էր, ինձ մոտեցավ մարզիչը, և ես երկու տարի անց հայտնվեցի Աբխազիայի երիտասարդական թիմում, իսկ 19 տարեկանում արդեն խաղում էի Թբիլիսիի «Դինամոյի» համար, — հիշում էր երգիչն իր վերջին հարցազրույցներից մեկում: