ՄԱԿ-ում ցավակցություն են հայտնում կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի մահվան կապակցությամբ
Կիսվել
Կիսվել
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն են հայտնել ՄԱԿ-ում ռուսաստանյան առաքելության ղեկավար Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ:
«Անվտանգության խորհրդի անդամները ցավակցում են դեսպանի մահվան կապակցությամբ, որը 40 տարի աշխատել է Ռուսաստանի դիվանագիտական կորպուսում, ավելի քան 10 տարի գլխավորել է ՄԱԿ-ում ռուսաստանյան առաքելությունն ու իր 65-ամյակը կնշեր փետրվարի 21-ին», — ասված է ՄԱԿ ԱԽ հաղորդագրությունում:
«Ես ցնցված եմ և տխուր մշտական ներկայացուցիչ և անվանի դիվանագետ Վիտալի Իվանովիչ Չուրկինի անժամանակ մահվան մասին լուրով», — ասված է Անտոնիու Գուտերեի հաղորդագրության մեջ: ՄԱԿ պետքարտուղարը գրել է, որ կզգա «իրավիճակի նրա ընկալման, վարպետության ու ընկերության» կարիքը:
Ռուս գործընկերների և Ռուսաստանի ժողովրդին ցավակցություն է հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հանկարծամահ է եղել Նյու Յորքում փետրվարի 20-ին:
Նա հանկարծ վատ է զգացել, երբ ՄԱԿ-ում ռուսական առաքելության իր գրասենյակում է եղել: Դիվանագետին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է: Մահվան հստակ պատճառը դեռևս չի նշվում:
«Անվանի ռուս դիվանագետը կյանքից հեռացավ իր աշխատանքը կատարելիս: Վիտալի Իվանովիչ Չուրկինի հարազատներին և մտերիմներին խորին ցավակցություն ենք հայտնում», — ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն էր 2006թ-ից: Նա հետևողականորեն պաշտպանում էր Կրեմլի դիրքորոշումը 2008թ-ի պատերազմի, ինչպես նաև Ղրիմի և Ուկրաինայի արևելքում հակամարտության վերաբերյալ և Անվտանգության խորհրդի իր գործընկերների հետ հաճախ սուր քննարկումների և խիստ քննադատության պայմաններում: