Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 11-ին սեփական նախաձեռնությամբ զրուցել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը և ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնության գործադրումը։
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վրաստանում եվրոպամետ զանգվածային բողոքի ցույցերի բոլոր խաղաղ մասնակիցները, ովքեր ձերբակալված են, պետք է ազատ արձակվեն։ «Իշխանությունները պետք է հարգեն կարծիքի արտահայտման և հավաքների ազատությունը»,- ասել է նա։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը «կրկին ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ եվրոպական ուղեգծից շեղվելու առնչությամբ և հայտարարել, որ ընդունված որոշումներն իրենց ազդեցությունը կունենան Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների վրա»,— ասված է հաղորդագրության մեջ։
Մակրոնն Իվանիշվիլիին կոչ է արել ներառական երկխոսություն վարել բոլոր քաղաքական խմբերի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ և հարգել վրաց ժողովրդի եվրոպական ու ժողովրդավարական ձգտումները։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նույնպես հրապարակել է տեղեկատվություն Իվանիշվիլիի և Մակրոնի զրույցի մասին։
Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ և տևել է մեկ ժամ։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին կապ հաստատել և գնահատել գրանցված առաջընթացը։
«Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և խնդրի կարգավորմանն աջակցելու ցանկություն է հայտնել։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել է իրավիճակի կայունացման ուղղությամբ համատեղ գործողություններ ձեռնարկելու գաղափարը»,- ասված է իշխող ուժի տարածած հայտարարության մեջ։