Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը «տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ 20:20-ի սահմաններում շփման գծի հարավային ուղղությամբ կրակ է բացել ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից»:
Հաղորդագրությունում ասված է նաև, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Հայաստանի լրատվամիջոցները մեջբերում են ԼՂ պաշտպանական գերատեսչության հայտարարությունը. «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք»:
Տեղեկատվություն Ադրբեջանից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Գուլիևա Սահիբան և Գուլիևա Զահրան՝ Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի բնակիչներն, այսօր երեկոյան զոհվել են 82մմ և 120մմ տրամաչափի ականանետերի, ինչպես նաև հաստոցային նռնականետերի գնդակոծության հետևանքով: Եվս մեկ կին՝ Գուլիևա Սարվինազը, բեկորային վնասվածք է ստացել:
«Ադրբեջանի ԶՈւ համաչափ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է: Արյունոտ սադրանքի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: