Սրացում Ղարաբաղում՝ շփման գծում։ Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառել
Տեղեկություններ Երևանից
Հայկական լրատվամիջոցները փոխանցում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը․
«Ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Միջադեպի արդյունքում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»։
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից։ Սակայն այժմ իրավիճակը հանգիստ է։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանը հաստատում է փոխհրաձգության փաստը, սակայն իրադարձությունների զարգացման հակառակ վարկածն է առաջ քաշում։
«Հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմն՝ օգտագործելով ականանետեր, սուտ է, չի համապատասխանում իրականությանը» – փոխանցում է APA–ն՝ վայակոչելով երկրի պաշտպանության նախարության տեղեկությունները։
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ ապրիլի 29–ի ցերեկը հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել 82 միլիմետրանոց ականանետերից։