Հռոմի պապը Հայաստանում
25.06.2016 19:00
Միջեկեղեցական արարողություն և խաղաղության աղոթք
Երևանի Հանրապետության հրապարակում
25.06.2016 17:00
Հռոմի Պապը Գյումրիում
25.06.2016 09:00
Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.06.2016 20:00
Այսօր նախագահական նստավայրում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Օսմանյան Թուրքիայում 1915 թվի հայերի զանգվածային սպանությունների մասին խոսելիս՝ նախապես գրված «ողբերգություն» բառը փոխել է «ցեղասպանություն»-ով :
Հայաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ New York Times-ն էլ է արդեն հրապարակում կատարել այս կապակցությամբ` նշելով, որ Ֆրանցիսկոսը այսպիսով հրաժարվել է զգուշավոր դիվանագիտական ելույթից:
Այսօր՝ հունիսի 24-ին, սկսվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Այցի կարգախոսն է «Ուխտագնացություն դեպի քրսիտոնեությունն առաջինն ընդունած երկիր»: Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստանում կլինի մինչև հունիսի 26-ը: Այցը լուսաբանում է 600 լրագրող, այդ թվում՝ մեր երկու թղթակիցը:
Սրբազան քահանայապետն այցի նախօրեին ուղերձ է հղել հայ ժողովրդին.
«Սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ՝ իրականացնելու, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում՝ «այց առաջին քրիստոնյա երկիր»։ Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում [Հայաստանը քրիստոնեություն է ընդունել 301թ-ին՝ 1715 տարի առաջ] թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից։
Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր՝ մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ և կիսելու բարեկամության պարգևը։ Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձություններն առաջացնում են իմ մեջ հիացմունք և վիշտ։
Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել։ Վիշտ`այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա։
Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում»։
Այցի մանրամասները՝ հաջորդիվ:
2015թ-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Օսմանական կայսրությունում 1915թ-ին տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածը Ցեղասպանություն անվանեց: Ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբությունը պատարագ մատուցեց ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Բացի այդ, Հռոմի պապը սրբադասեց 10-րդ դարի հայ փիլիսոփա, աստվածաբան և պոետ Գրիգոր Նարեկացուն՝ «Մատյան ողբերգության» գրքի հեղինակին՝ նրան Եկեղեցու վարդապետ կոչումը շնորհելով:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 24.06.2016