Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
ՀՀ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Հայաստանում օգոստոսի 2-ին մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները: Առաջին նիստի ընթացքում խորհրդարան անցած երեք ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, որոշել են միայն Հաշվիչ հանձնախմբի կազմը։ Այլ հարցերի հնարավոր չի եղել անդրադառնալ թեժ քննարկումների և մի քանի տասնյակի հասնող ելույթների պատճառով։
Թեժ քննարկում է ծավալվել, մասնավորապես՝ նստաշրջանի բացմանը կաթողիկոսի բացակայության շուրջ, որն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության մեջ։
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու կաթողիկոսը։ Այս անգամ, սակայն, ներկա է եղել միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ կաթողիկոսը հրավեր չի ստացել: Լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ-ի մասնակցության մասին հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասել էր․ «Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»:
Ընդդիմադիր պատգամավորները բուռն քննարկում են ծավալվել նաև Աժ նախագահի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանի շուրջ։ Նրանք մի քանի անգամ անդրադարձել են նրա՝ տարիներ առաջ Istanbul Policy Center-ում իրականացրած հետազոտական աշխատանքին և թուրքերի հետ հնարավոր շփումներին:
«Ուղիղ հարցրեք՝ արդյո՞ք ես Թուրքիայում հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և արդյո՞ք նրանք ինձ հավաքագրել են։ Ասեք՝ այդպե՞ս է, ես էլ ասեմ՝ ոչ»,- արձագանքել է Ռուբինյանը:
Նոր խորհրդարանի առաջին նիստը շարունակվում է նաև այսօր։ Օրակարգի գլխավոր հարցերից մեկն արդեն պատասխան է ստացել՝ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 63 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ, ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը չի մասնակցել փակ քվեարկությանը։ Մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դեմ են քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը։
Իշխող ուժի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահն էր: Բացի այդ, 2022-26 թվականներին Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչն էր: Օրեր առաջ Ռուբինյանը հայտնել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չի շարունակի լինել Հայաստանի հատուկ ներկայացուցիչը: Թե ով կփոխարինի նրան՝ իշխող ուժը դեռևս չի բացահայտում:
Ստորև ներկայացնում ենք նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կարևոր դրվագները
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- «ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
- «Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
«Որտե՞ղ է հայրապետը»․ ընդդիմադիրներն օրհնություն ստացան ոչ թե ԱԺ-ում, այլ Մայր Աթոռում
Նիստի առաջին օրը՝ օգոստոսի 2-ին նախագահ Խաչատուրյանի ելույթից հետո նիստը նախագահողը՝ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովն առաջարկել էր անցնել օրակարգային հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, սկսել էին տեղից բղավել՝ «որտե՞ղ է Հայոց հայրապետը»: Հասանովն ընդդիմադիրներին հորդորել էր չխանգարել նիստի ընթացքը: Ընթերցվել էր երդման տեքստը, որն այնուհետև ստորագրվել է բոլոր պատգամավորների կողմից:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նախագահողին խնդրել էր պարզաբանել՝ ինչո՞ւ չի իրացվել Ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքը:
«Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ իրավունքների մեջ դա չի մտնում, որ ես այսօր ձեզ ասեմ: Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ նրա դեմը չէր կարող առնել [նկատի ունի մուտքը սահմանափակել]»,- արձագանքել էր Հասանովն ու հավելել, որ կարող են բոլոր հարցերն ուղղել ԱԺ նախագահին, երբ նա ընտրված կլինի:
Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կաթողիկոսից օրհնություն ստանալու։
«Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը»,- հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Գարեգին Բ-ն իր օրհնությունն է փոխանցել պատգամավորներին, անդրադարձել երկրում և ազգային կյանքում տիրող «մտահոգիչ կացությանն ու առկա ծանր հիմնախնդիրներին», այդ թվում՝ «եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերին»։
Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների՝ եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումն ու որդիական սերը, հատկապես դժվարին այս շրջանում, երբ «շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար Սամվել Կարապետյանը»։
Տևական ժամանակ է, ինչ վարչապետ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու թեման օրակարգում է պահում: Սկզբում նա պնդում էր, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, դուստր ունի: Ավելի ուշ այդ մեղադրանքին միացավ մեկ ուրիշը, թե, իբր, կաթողիկոսն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Սա, ըստ էության, նշանակում է, որ երկրի ղեկավարը հոգևոր առաջնորդին մեղադրում է օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մեջ:
«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ներկայացրած նախընտրական ծրագրում ևս անդրադարձ է արվում եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Նշվում է, որ իշխող ուժը որդեգրում է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ «եկեղեցու փաստացի պետը»՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է հեռացվի, ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի եկեղեցու նոր կանոնադրություն, այնուհետև տեղի ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր
Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 3 քաղաքական ուժեր, ըստ այդմ՝ ԱԺ-ում կլինեն հետևյալ խմբակցությունները՝
- «Քաղաքացիական պայմանագիր» (64 մանդատ),
- «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ),
- «Հայաստան» (12 մանդատ):
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը չի գա խորհրդարան: Թեև քարոզարշավի ընթացքում նրա թիմակիցները պնդում էին, թե Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն, օրենքի համաձայն՝ նա չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ էլ առավել ևս վարչապետի թեկնածու: Կա օրենսդրական արգելք. Սամվել Կարապետյանը ոչ միայն ՀՀ, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր գլխավորում ընտրական ցուցակը: Քոչարյանը, սակայն, նույնպես չի գա խորհրդարան, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Ավելին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում է կայացրել։ Համանուն խմբակցության ընտրացուցակում է նաև Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նա վերցրել է մանդատն ու մասնակցում է ԱԺ աշխատանքներին:
ԱԺ առաջին նիստի ընթացքում հայտարարվել են նաև խմբակցությունների ղեկավարների անունները: Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը խմբակցության ղեկավար է ընտրել Արուսյակ Մանավազյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» դաշինքը՝ Աննա Գրիգորյանին:
«Անելու եմ ամեն ինչ, որ մեր երեխաները պատերազմ չտեսնեն»
Իր՝ թեկնածուի ելույթում Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկած 700 հազարից ավելի քաղաքացիներին, որոնք հստակ և աներկբա մանդատ են տվել՝ շարունակելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը:
Նրա բնորոշմամբ՝ այդ քաղաքացիները պաշտպանել են ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը: Վստահեցրել է՝ եկել է լավ ապրելու, խաղաղության պայմաններում երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը։
«Իմ գրեթե 2-ամյա տղան, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ, ձեր և բոլորիս երեխաներն այդպես էլ չիմանան և չտեսնեն, թե ինչ է պատերազմը»,- հայտարարել է Ռուբինյանը:
Շնորհակալություն է հայտնել նաև այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել ընդդիմադիր ուժերին, բայց ոչ ընտրակաշառքով, այլ իրենց խղճի և համոզմունքների համաձայն:
«Ժամանակն է փոխել քաղաքական խոսույթը». առաջարկ Ռուբինյանից
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր՝ թեկնածուի ելույթում դիմել է ընդդիմադիրներին և խոսել խորհրդարանական մշակույթի մասին:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին հանրության, քաղաքական շրջանակների և լրագրողական դաշտում՝ ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, ձևավորվել է կոնսենսուս, որ «Ազգային ժողովն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և որ այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան նախորդը»:
«Բոլորը կարծես թե մեզ համար այդպիսի ճակատագիր են կանխագուշակում: Եվ ես ուզում եմ ձեզ առաջարկել, որպեսզի մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը»,- ընդգծել է Ռուբինյանը:
Կարծում է՝ նման կոնսենսուսի ձևավորումն ունի մեկ ֆունդամենտալ պատճառ՝ ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելը: Ասում է՝ դա սկիզբ է առել 2018 թ.-ի թավշյա հեղափոխությունից և ահագնացել 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո:
Ռուբինյանի փոխանցմամբ՝ իշխանությունն էլ այդ ընդդիմությանը սկսել է վերաբերվել որպես «հակաժողովրդավարական, հակապետական ուժերի»՝ տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրությունը:
Հիշեցրել է՝ 8-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, չէին զբաղվում օրինաստեղծ աշխատանքով, ուստի առկա էին միայն «քաղաքական պոլեմիկա, գոռգոռոց, ռադիկալ ելույթներ».
«Ժամանակն է փոխել վերջին 6 տարիներին մեր քաղաքական դաշտում լսվող խոսույթները: Առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ»,- հայտարարել է Ռուբինյանը:
Մյուս կողմից, նկատել է՝ եթե ընդդիմադիր գործընկերները չընդունեն իր առաջարկն ու շարունակեն գործել «արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա ՔՊ-ն առավել, քան պատրաստ է դրան՝ բառի ամենակոշտ իմաստով»:
«Ինչո՞ւ ենք վերցրել մանդատները». ընդդիմադիրների հայտարարությունները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ ընդդիմությունը չի հաղթել խորհրդարանական ընտրություններում, բայց չի հաղթել նաև օրվա իշխանությունը:
Ասում է՝ ընտրություններն անց են կացվել վարչական ռեսուրսի կիրառման, պետբյուջեից քարոզարշավի ֆինանսավորման և ընդդիմադիրների կալանավորման պայմաններում, ուստի այս խորհրդարանն ունի «լեգիտիմության լրջագույն խնդիր»:
«Մենք այստեղ ենք մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու, մեզ համազգային նպատակներն առաջ մղելու համար: Այստեղ ենք ՀՀ քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, ՀՀ օկուպացված տարածքների մասին բարձրաձայնելու և, այո, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար»,- շեշտել է Սաղաթելյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նկատել է՝ ընդդիմադիրների՝ պատգամավորական մանդատը վերցնելը պետք է դիտարկել որպես քաղաքական պայքարը շարունակելու, այլ ոչ թե բարեկեցության գործիք․
«Մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք, պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, պաշտպանենք մեր արժանապատվությունը, ինքնությունն ու եկեղեցին»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն ընդգծել է․
«Դե ինչ, «շնորհավորում եմ» հայ ժողովրդին` նոր, որակյալ, բազմաբովանդակ և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծել պատրաստվող ԱԺ գործունեության սկզբի կապակցությամբ։
«Պապադ մարդասպան ա» [Ռոբերտ Քոչարյանի հետ կապված] ամենօրյա հաճելի երկխոսությանը կգումարվի «հորեղբայրդ ռուսի օրիգարխ ա» [Սամվել Կարապետյանի հետ կապված] բովանդակալից վեճը, ինչին կհաջորդի «դուք թուրք բռնապետ եք» պատասխանը։
Դրականն այն է, որ այս եթերաշրջանն արդեն լինելու է անհետաքրքիր և չի կարողանալու շեղել բուն և հասունացող խնդիրներից։
Իսկ շրջապատող աշխարհում տեղի ունեցող արմատական փոփոխությունների պայմաններում հայ հասարակությունը և յուրաքանչյուրը, իր հերթին, կփնտրի իր խնդիրների լուծման ճանապարհները, ինչը, վերջապես, կբերի անհրաժեշտ փոփոխություններ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը