«Բացասական միտում չկա, էական դրական միտում՝ ևս» - Հայաստանի առողջապահության նախարար
Հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 557-ով և դարձել 30 903:
Մահացել է ևս 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 546-ի։
Առողջացել է ևս 709 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 18 709։ Շարունակում են բուժում ստանալ 11 471-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 131 216 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 050:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 10-ին հայտարարել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան․
«Փոքր է նաև այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ։ Այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ եղել է նման 13 դեպք։ Նշանակում է, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այն մատուցվում է»։
Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ․
«Մոտակա շաբաթների ընթացքում լինելու են հիվանդանոցային նոր ծավալումներ։ Վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական միտում չկա, էական դրական միտում՝ ևս։
Երեկ այցելել եմ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, այն գրեթե պատրաստ է, մեկ շաբաթից կծավալվի։ Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր հիվանդներին տեղափոխել նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր բաժանմունք՝ մոտ 25 մահճակալով, իսկ այս պահին գործող 50 մահճակալով վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին»։